Բաժիններ՝

Եգիպտոսը և Պաղեստինը կզարգացնեն գազի հանքավայրը Գազայի հատվածում

Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։

BG բրիտանական նավթընկերությունը, որն ավելի ուշ մտել է Shell-ի կազմի մեջ, Gaza Marine գազի հանքավայրը հայտնաբերել է 1999, սակայն այդ բոլոր տարիներին, տարբեր քաղաքական իրադարձությունների նկատառումներով, այնտեղ արդյունահանումն այդպես էլ չի սկսվել: ԶԼՄ-ների տվյալներով, հանքավայրի պաշարները կարող են կազմել շուրջ 32 միլիարդ խորանարդ մետր գազ: Հուշագիրն ստորագրել են ԵԱՀ-ի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան եւ Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավարի խորհրդական Մուհամադ Մուստաֆան, որը նաեւ գլխավորում է Պաղեստինի ներդրումային հիմնադրամը: Կողմերն ընդգծել են, որ հանքավայրի զարգացումը թույլ կտա վերջնականապես լուծել Գազայում էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը: Ներկայում Գազայի հատվածը նեղություններ է կրում էլեկտրականության մատակարարման կանոնավոր խափանումներից:

«Համագործակցության շրջանակներում կողմերը մտադիր են զարգացնել Գազայի հանքավայրը եւ անհրաժեշտ ենթակառուցվածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արդյունահանված գազի մի մասը, հնարավոր է, կներմուծվի Եգիպտոս: Ավելի վաղ փետրվարի 21-ին Եգիպտոսի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան այցով մեկնել էր Իսրայել եւ Պաղեստին: Նավթի նախարարության տվյալներով՝ ուղեւորության նպատակն էր մշակել գազի տարածաշրջանային շուկայի զարգացման հեռանկարների ընդհանուր տեսլականը եւ քննարկել համագործակցությունը Արեւելյան Միջերկրածովի գազային համաժողովի շրջանակներում, որի կազմի մեջ մտնում է յոթ երկիր՝ Եգիպտոսը, Պաղեստինը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը, Հորդանանը եւ Իտալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս