Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի: Ինչպես փետրվարի 22-ին պաշտոնական կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել է 83-ով եւ հասել 156 385-ի։
Գերատեսչությունը նշում է վարակվածների թվի՝ անցած շաբաթ սկսված աճը: Փետրվարի 15-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակամիջոցում երկրում արձանագրվել է հիվանդության 100 990 նոր դեպք, ինչը 31 տոկոսով բարձր է, քան մեկ շաբաթ առաջ, երբ հայտնաբերվել էր 77 284 ախտահարված: Տոկոսային հարաբերությամբ վարակվածների քանակի այդ ցատկը նշվել է առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբերից ի վեր: Անցած շաբաթ օրական միջին ցուցանիշը կազմել է վարակման շուրջ 12,7 հազար նոր դեպք, մինչդեռ նախընթաց շաբաթ այն գտնվում էր շուրջ 11,4 հազարի մակարդակում:
Միեւնույն ժամանակ նոր վարակից բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 9 695-ով եւ հասել 10 699 410-ի: Հնդկաստանում բուժում է անցնում կորոնավիրուսով 150 055 հիվանդ, ինչը 4 421-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) վարակվածների թվով եւ չորրորդ տեղը նոր վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Մեքսիկայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 21-ի երեկոյան դրությամբ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է կատարել 11 116 854 մարդ: Հիմնականում դրանք բուժաշխատողներ են, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներր, ովքեր ունեն առաջին հերթին պատվաստվելու իրավունք՝ զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարական ծառայությունների աշխատողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: