«Այդ քրեական գործերը թող ծալեն, դնեն իրենց դարակներն ու սպասեն այն քրեական գործերին, որոնք հարուցվելու են իրենց վրա». Իշխան Սաղաթելյան

Երևանի Պրահայի այգուց մեկնարկել է «Միասին փրկենք մեր հայրենիքը»  անհնազանդության երթը։

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դժվարանում է կոնկրետ ժամկետներ նշել, թե երբ կհասնեն իշխանության հեռանալուն, սակայն մեկ բան հստակ է՝ իշխանությունը հրաժարական կներկայացնի։

«Ժամկետ չենք սահմանում, բայց այդ ժամկետը հեռու չէ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը և դրա հետ կապված քրեական գործի հարուցմանը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նոյեմբերի 10-ից հետո ընդդիմության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, նույնը շարունակվում է  նաև այս օրերին։

«Այդ ամենով մեզ հետ չեն կարող պահել։ Այդ քրեական գործերը թող ծալեն, դնեն իրենց դարակներն ու սպասեն այն քրեական գործերին, որոնք հարուցվելու են իրենց վրա՝ պետական դավաճանության հոդվածով։ Այս իշխանությունը պետք է որոշում ընդունի, թե ում ձերբակալի, թող ինձ ու իմ գործընկերներին ձերբակալի, ժողովրդին էլ հո չի՞ ձերբակալի։ Այսօր վարչապետի աթոռին կառչած անձն ըստ էության մարմնավորում է մեր ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական կերպարներին միաժամանակ՝ Քաջ Նազար, Սուտլիկ Ոսկան և այլն»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին անցկացրած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով առաջիկա անելիքները, ասել էր․ «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս