Այդ մարդկանց այսօր այս եղանակով ձերբակալությունն արդեն մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում․ Արման Սաղաթելյան

Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Ժամեր անց մեկնարկելու է նաև Կարեն Բեքարյանի գործով նիստը։

Դատարանի բակում Քառյակ Մեդիայի համահիմնադիր Արման Սաղաթելյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում և արդյո՞ք դատարաններն այս անգամ ևս կգտնվեն իրենց բարձր վարկանիշի վրա, նշեց․

«Դժվարանում եմ Ձեր հարցի վերջին մասին պատասխանել, ամեն դեպքում, հույս ունեմ, որովհետև, ի տարբերություն իրավապահ համակարագի, որն արդեն գրեթե ամբողջությամբ վերածվել է ռեպրեսիվ ինչ-որ համակարգի, դատական համակարգում մենք պարբերաբար տեսնում ենք բավականին ադեկվատ, ողջամիտ լուծումներ և վարքագիծ։ Այսինքն՝ դա այն ինստիտուտն է, որն առայժմ մենք կարող ենք համարել, որ փորձում է հակադրվել այս քաղաքական պատվերների ու էժանագին շոուների սպասարկելու գործընթացին և փորձում է, ամեն դեպքում, զերծ մնալ այդ ամենից»։

Արման Սաղաթելյանը նկատեց, որ կանխատեսումներ անելը դժվար է, քանի որ գործընթացները վաղուց են դուրս եկել որևէ տրամաբանության, ողջամատության, իրավական տրամաբանության սահմաններից։

Լրագրողի դիտարկմանը, թե այս ընթացքում բազմիցս նշվել է, որ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը տեղեկատվական պատերազմում և հատկապես Ապրիլյան պատերազմի ժամանակ ահռելի աշխատանք են կատարել և հարցադրումին, թե պատահակա՞ն է արդյոք իշխանության կողմից նրանց թիրախավորելը, նա արձագանքեց․

«Այստեղ մենք երկու տարբեր ուղղությամբ պետք է շարժվենք։ Անշուշտ, և՛ Կարեն Բեքարյանը, և՛ Արա Սաղաթելյանը, ես կարող եմ ասել մեր մասնագիտական ոլորոտում խոշորագույն փոորձագետներ են, և տարիների և՛փորձ, և՛ համբավ ունեցող փորձագետներ, կազմակերպիչներ, մենեջերներ։ Տևական ժամանակ այդ մարդիկ ադրբեջանական քարոզչության ահուսարսափն են եղել, հետևաբար այդ մարդկանց այսօր այս եղանակով ձերբակալությունն արդեն, ասեմ ձեզ, մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում․ իրենք ոգևորված են այդ փաստից և անշուշտ ողջունում են այդ փաստը, և այս առումով, թե դա ում ջրաղացին է ինչ ջուր լցնում, ինչ ուղերձ է, եթե դա ուղերձ է կամ ինչին է ծառայում, մենք գուցե և կարող ենք պատկերացնել»։

Իսկ առհասարակ, Արման Սաղաթելյանի գնահատմամբ՝ ցանկացած մտածող ու կրիտականա ընկալում ունեցող մարդ, քանի որ պահանջատեր է լինելու և հետևողական է լինելու հարցադրումներ անելու ուղղությամբ, փաստագրելու է այս ամենը, ցանկացած պահի կարող է թիրախ դառնալ։ Նա տեղի ունեցողը որակեց քաղաքական ճնշումների գործընթաց։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս