«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործը ԱԱԾ-ում չի կարող քննվել՝ գործի նյութերում ԱԱԾ տնօրենի մասին նրա գրառումներն են, իսկ Ա.Սաղաթելյանին առնչվող կասկածանքի և մեղադրանքի նյութերում փոփոխություն կա. Միհրան Պողոսյան. Tert.am
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է չորս անձի, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, ում պաշտպան Միհրան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել և տեղեկացրել, որ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:
-Պարոն Պողոսյան, հարուցված գործի շրջանակներում Արա Սաղաթելյանի մասով ի՞նչ է կատարվել, կալանքի միջնորդությունը քննվո՞ւմ է, թե ոչ։
-Գործն առնչվում է Գագիկ Սողոմոնյան անունով կեղծ օգտատիրոջը, հիմա էլ ԱԱԾ-ն ձևակերպել է, թե եթե ինքը չի գրում, ապա իր կողմից է գրվում։ Բայց թողնենք դա։ Ասեմ, որ ուսումնասիրել եմ Գագիկ Սողոմոնյան օգտատիրոջ գրառումները, որի ստվար հատվածը վերաբերում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, ում վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ էր տալիս։ Հիմա կասկածանքի էությունը նրանում էր, որ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի միջոցով տարածվել է իշխանության բարձրագույն ներկայացուցիչների, այդ թվում`Արմեն Աբազյանի վերաբերյալ կեղծ տեղելատվություն։ Այս գործով հետաքննություն իրականացնում է ԱԱԾ հետաքննության մարմինը, քննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտը։ Ու այս պարագայում այս քրեական գործի շրջանակներում ապացուցեն, որ Գագիկ Սողոմոնյանի կողմից Արմեն Աբազյանի հասցեին կատարված հայտարարությունները, թեկուզ և հայհոյախառն, իրականությանը չեն համապատասխանում։
-Այսինքն՝ հենց ԱԱԾ քննիչը պետք է նախ ապացուցի, որ դրանք իրական հայտարարություննե՞ր են:
-Այսինքն՝ կա՞ մի քննիչ, որ կարող է պարզել, որ Գագիկ Սողոմոնյանի արած հայտարարությունները իր ղեկավարի վերաբերյալ իրականությանը համապատասխանում են։
Չի կարող դա լինել, այս պարագայում մենք կարծում ենք, որ ԱԱԾ-ն ընդհանրապես այս գործով շահագրգիռ կողմ է ու այդ պարագայում Աբազյանի ղեկավարությամբ աշխատող որևէ աշխատակից չի կարող Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կատարում իրականացնել։
-Իսկ ի՞նչ եք պահանջում Դուք։
-Մենք բացարկ ներկայացրեցինք քննչական ամբողջ մարմնին ու հետաքննության ամբողջ մարմնին։Մեզ ժամը 12-ին հրավիրել էին Արա Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմանը ծանոթացնելու համար։ Երբ ժամը 12-ը ֆիքսվել էր, պարզվեց, որ դատարանը ժամը 16։00-ին նշանակել է ձերբակալման որոշման իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության նիստը։ Այսինքն՝ չորս ժամը լրիվ բավարար ժամանակ էր, որպեսզի մեղադրանք առաջադրեին, կալանավորման միջնորդություն ներկայացնեին, քննարկեին։ Բայց այնպես ստացվեց, որ դատարանի նշանակած ժամը 16։00 նշանակած նիստը հետաձգվեց, որովհետև չէին կարող մեղադրանք առաջադրեին, իսկ առանց մեղադրանք առաջադրելու չէին կարող խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնեին։
Ու այս գործողությունները դատարանի կողմից այնքան երկարաձգվեցին, մինչև մենք արդեն բացարկ հայտնելուց հետո հեռացանք, այսինքն՝ բացարկ հայտնելուց հետո քննիչն իրավասու չէ որևէ քննչական գործողություն իրականացնել, մենք հեռացանք, և չգիտենք, թե քննիչն ինչ գործողություն է կատարել: Պարոն Սաղաթելյանին տարան Ձերբակալվածների պահման վայր ու դատարանում սպասում էինք, թե երբ է ձերբակալման որոշման դեմ բողոքը քննարկվելու։ Դրա քննարկման ժամանակ`16։50-ի սահմաններում ԱԱԾ-ն բերել էր խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որից մենք բացարձակ տեղեկություն չունենք։ Եվ քանի որ տեղեկություն չունենք, բնականաբար, ժամանակ խնդրեցինք նյութերին ծանոթանալու համար, ինչի պարագայում նիստը հետաձգվեց մինչև վաղը 13։00-ն։
Այսինքն,կալանքի միջնորդությունը չի քննվել։ Այս բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտահաշվի հրապարակումների թիրախում գտնվող պաշտոնատար անձինք գտնվում են տվայտանքների մեջ ու բոլորի մեջ տեսնում են Գագիկ Սողոմոնյան, քանի որ հասարակության մի հատված պաշտոնատար անձանց մասին այն կարծիքն ունեն, ինչ հայտնում է այդ օգտատերը, ակնհայտ է, որ այդ նույն պաշտոնատար անձինք էլ բոլորիս մեջ տեսնում են Գագիկ Սողոմոնյան ու անցնում են մարդկանց մեղադրանքներ առաջադրելուն։ Ու չզարմանանք, որ վաղը ես կամ Դուք, կամ մեր հարևան-ընկերները մեղադրվեն Գագիկ Սողոմոնյան լինելու մեջ։
-Պարոն Պողոսյան, հիմա փաստորեն Դուք դեմ եք, որ քննությունն իրականացնի ԱԱԾ-ն, որովհետև շահագրգի՞ռ կողմ է, տեղափոխվի գործ այլ մարմի՞ն։
-Այո, այլ մարմնում պետք է քննվի, ԱԱԾ-ում դա չի քննվելու։ Որպես մեղադրանքի նյութ ինձ ներկայացրել են Աբազյանի վերաբերյալ Գագիկ Սողոմոնյանի հրապարակումները և նշում են մեղադրանքում, որ կեղծ հրապարակումներ են։ Իսկ որևէ մի քննիչ բարոյական, մասնագիտական հատկանիշներ ունի, որ կարող է եթե նույնիսկ այդ ամենը կեղծ չլինի, արձանագրի, որ կեղծ չի, իր ղեկավարի մասին է խոսքը գնում ու մենք բոլորս գիտենք, թե ինչ լեզվով է ոմն Գագիկ Սողոմոնյանը գրում։ Չի լինելու նման քննիչ։
-Դուք ասում եք` մեղադրանքի հիմքում Արմեն Աբազյանին ուղղված հայտարարություններ են, սակայն ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունում խոսք չկար Աբազյանի մասին, այլ հասարակությանն ուղղված արտահայտություններից մեջբերումներ էին։
-Տեսեք, ես բացի հաղորդագրությունից, որն ինձ համար կարևոր է, ծանոթացել եմ նաև որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը, որտեղ նշվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց`Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աբազյանին և այլոց վերաբերյալ կեղծ հրապարակումներով է հանդես եկել, իշխանության գործողությունները պատերազմի ժամանակ քննադատել է, տարբեր պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ անվստահություն է հայտնել։ Մեղադրանքի որոշման մեջ նյութեր կան, որոնք հաղորդագրությամբ չեն հրապարակվել, իսկ կալանավորման միջնորդության մեջ ներկայացվել են կոնկրետ պարոն Աբազյանին վերաբերող նյութեր։ Եթե մեղադրանքը Աբազյանի անձի վերաբերյալ չէ, ինչու են նյութերում ներկայացնում Աբազյանի վերաբերյալ գրառումները։
-Երեկ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյսնին ձերբակալելուց հետո նույն այդ անունով օգտատերը կրկին Արմեն Աբազյանին ուղղված գրառումներ էր անում, ԱԱԾ-ն երեկ ու այսօր կասկածանքում ու մեղադրանքում ինչ-որ բան փոխե՞լ է։
-ԱԱԾ-ն փորձել է գիշերվա ընթացքում երեկվա կասկածանքի էության ու այսօրվա մեղադրանքի էության մեջ տարբերություն դնել։
-Այսինքն՝ կասկածանքի էությունում գրառում կատարողն էր, իսկ մեղադրանքի նյութերում գրառում անել տվողներից մե՞կը։
-Այո, կասկածանքի էության մեջ չկար տվյալ այն մասին, որ այս շրջանակը վերջնական չէ, հստակ էր, որ այդ անձինք են անում գրառումները Գագիկ Սողոմոնյան էջով։ Գիշերվա ընթացքում, երբ այդ գրառումները շարունակվեցին, այսօրվա մեղադրանքում ձևակերպում է հայտնվել, թե իբր այս չորս անձանցով այդ խումբը չի սահմանափակվում, այսինքն՝ Գագիկ Սողոմոնյանը մենք բոլորս ենք, և ի սկզբանե, որ խմբի անդամներից ինչ-որ մեկի հայտնաբերման դեպքում մյուսները շարունակեն գրառումները։ Այդպիսի փայլատակում է ունեցել ԱԱԾ-ն գիշերվա ընթացքում։
Չխոսեմ մեղադրանքի անորոշության, ՍԴ-ի կողմից ՔՕ 307 հոդվածի որոշակի առումով վիճահարույց լինելու մասին և այլն։ Որևէ քննչական գործողության էլ չենք մասնակցել քանի դեռ բացարկ է հայտնած։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում