Ասածս կհավաստեն նաև սրճարանի տեսախցիկները, խնդրում եմ սա դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում․ Վ․ Վարագյանը՝ Արթուր Մկրտչյանի կողմից՝ անձին կալանավորելու հրահանգ տալու մասին
Հասարակական գործիչ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկվա իր հրապարակմանը, որում նշել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու ուղիղ ցուցում է տվել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր իրավապաշտպաններ, լրագրողներ ինձ հարցեր են ուղղում երեկվա դեպքի հետ կապված։
Ամենայն պատասխանատվությամբ և հստակ գիտակցելով, թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը, պնդում եմ, որ երեք ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Արթուր Մկրտչյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար
խառնված եղանակով հեռախոսով խոսելը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլև Տրիումֆ կաֆեում տեղադրված տեսախցիկները։
Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն կալանավորվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրչտյանի ուղղակի հանձնարարությամբ։
Այս փաստերի շուրջ ես պատրաստ եմ հարցաքննվեմ ցանկացած քննչական մարմնում։ Միաժամանակ, խնդրում եմ իմ այս ֆեյսբուքյան գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում»։