Ֆեյսբուքյան ֆեյքի վերաբերյալ քրգործով քաղաքացի Արամ Սարգսյանը կալանավորվեց. պաշտպան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, ֆեյսբուքյան ֆեյքի վերաբերյալ հարուցված քրեական գործով ձերբակալված քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։
Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները եւ հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝
-պաշտպանյալս որեւէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
-պաշտպանյալս որեւէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։
Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։
Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 եւ 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։
Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։
Կպարզենք նաեւ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։
Մի բան եւս. պաշտպանյալս երբեւէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ եւ նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»,- գրել է նա։