10 սխալ պատկերացումներ սմարթֆոնների մասին, որոնց պետք չէ հավատալ
Անհրաժեշտ չէ մարտկոցը պարբերաբար զրոյացնել և այն դնել սառնարան: Դա նույնիսկ վնասակար է։
1․ Չի կարելի ամբողջ գիշեր սմարթֆոնը թողնել լիցքավորման
Ժամանակակից սմարթֆոններն ամբողջ գիշեր լիցքավորվելիս ավտոմատ կերպով դադարում են լիցքավորվել, երբ հասնում են 100 տոկոսի: Բայց եթե հեռախոսի կամ լիցքավորիչի որակի նկատմամբ վստահություն չկա, ապա ավելի լավ է չվտանգել այն և անջատել ցանցից, երբ մարտկոցը լիցքավորվում է:
Ենթադրվում է, որ սարքը մի ամբողջ գիշերվա ընթացքում միացված թողնելը, ի վերջո, կվնասի դրա մարտկոցը՝ այն այլևս չի լիցքավորի:
Այնուամենայնիվ, դա ճիշտ չէ: Այո, նիկել պարունակող հին մարտկոցներն ունեցել են այսպես կոչված հիշողության ազդեցություն և երկար ժամանակ լիցքավորվելիս արագորեն մաշվել են: Բայց ժամանակակից լիթիումային մարտկոցներն ունեն ավելցուկային պաշտպանություն:
Այնպես որ, ձեր սմարթֆոնը վարդակից միացնելը այնքան ժամանակ, որքան ցանկանում եք, չի վնասի այն։
2. Թռիչքի ռեժիմում սմարթֆոնը շատ ավելի արագ է լիցքավորվում
Տեսականորեն սա իսկապես լավ է հնչում: Անջատելով ձեր բջջային ցանցը, Wi-Fi-ը, Bluetooth-ը և GPS-ը` կարող եք նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը և, հետեւաբար, էլեկտրաէներգիա խնայել: Եվ մարտկոցը ավելի արագ կլիցքավորվի:
Բայց գործնականում աճն այնքան աննշան է, որ անհանգստացնելն ուղղակի իմաստ չունի: Մի փորձի ժամանակ, օգտագործելով ինքնաթիռի ռեժիմը, ձեր սարքն ավելի արագ լիցքավորելու համար, CNET-ը պարզել է, որ Nexus հեռախոսը լիցքավորվում է 1%-ից 100%-ով` Թռիչքի ռեժիմով միացված 2 ժամ 4 րոպե 11 վայրկյանում, և առանց դրա 2 ժամ 5 րոպե 46 վայրկյանում: Այնպես որ, որոշեք արժե արդյոք դա:
Եթե Ձեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ լիցքավորել ձեր սմարթֆոնը, լավագույնն այն է, որ համոզվեք, որ ձեր էլեկտրական սարքն աջակցում է արագ լիցքավորմանը:
3. Եթե սմարթֆոնը ջրի մեջ է ընկնում, չորացրեք այն վարսահարդարիչով կամ բրնձով
Ամեն անգամ, երբ տեղեկտվություն եք փնտրում թրջված սմարթֆոնի մասին, հայտնվում են հարյուրավոր խորհուրդներ, որոնք ասում են, թե լավագույն միջոցը սմարթֆոնը բրնձի մեջ դնելն է: Շատերն ասում են, որ դա փորձված տարբերակ է և միանշանակ օգնում է: Իրականում այս միջոցը կարող է որոշ ժամանակով դադարեցնել ջրի տարրածումը, սակայն չի օգնում լուծել խնդիրը:
Գադջետների վերանորոգման մասնագետները պնդում են, որ բրինձը, հնդկաձավարը և այլ հացահատիկները չեն օգնի չորացնել ձեր սմարթֆոնը, եթե այն ընկել է ջրի մեջ: Այս մեթոդը ոչ այլ ինչ է, քան առասպել:
Եթե սմարթֆոնի ներքին հատվածը թրջվել է, ապա պետք է անմիջապես ազատվել ջրից: Այն ընթացքում, երբ սմարթֆոնը մի քանի ժամ չորանում է բրնձի մեջ, ներսում եղած ջուրն արդեն կարող է զգալիորեն վնասել սարքավորումը:
«Եթե բրնձնի մեջ դնելուց հետո սմարթֆոնն աշխատում է, դա չի նշանակում, որ խնդիրները վերացել են: Շուտով, վստահաբար, սմարթֆոնի աշխատանքը կխաթարվի»,- գրում են մասնագետները:
Եթե հեռախոսը թրջվել է, ապա արեք այս գործողությունները, որոնք ավելի արդյունավետ են, քան բրինձը կամ վարսահարդարիչը։
1. Հնարավորինս շուտ հեռացրեք հեռախոսը հեղուկից: Ակնհայտ է, որ որքան երկար սմարթֆոնը մնա հեղուկին մոտ, այնքան ավելի շատ կվնասվի:
2. Եթե սմարթֆոնի մարտկոցը դուրս է գալիս, ապա ժամանակ մի ծախսեք սմարթֆոնն անջատելու վրա: Միանգամից դուրս հանեք մարտկոցը և թողեք սմարթֆոնն այդ վիճակում: Եթե սմարթֆոնի մարտկոցը դուրս չի գալիս, պարզապես անջատեք այն: Սա կրճատում է կարճ միացման հավանականությունը:
3. Եթե սմարթֆոնն ունի պատյան, անմիջապես հանեք այն: Սա կօգնի ավելի արագ չորացնել հեռախոսը:
4. Սմարթֆոնից հանեք բջջային և հիշողության քարտերը:
5. Դրեք գադջետը չոր հորիզոնական հարթության վրա և զգուշորեն, թղթե անձեռոցիկի միջոցով սրբեք բոլոր միացումները և բաց տարածությունները:
Ինչ պետք է չանել, երբ սմարթֆոնը թրջվել է.
• Մի փորձեք միացնել գադջետը
• Մի փորձեք լիցքավորել սմարթֆոնը: Սպասեք 48 ժամ, կամ համոզված եղեք, որ մասնագետները հեռացրել են սմարթֆոնի մեջ եղած ամբողջ հեղուկը:
• Մի շարժեք հեռախոսը, կամ սեղմեք կոճակներին, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
• Սմարթֆոնը չորացնելու համար մի օգտագործեք վարսահարդարիչ կամ այլ տաք հոսանք:
Ամեն դեպքում, եթե սմարթֆոնն ընկել է ջրի մեջ, նախընտրելի է դիմել մասնագետին, քանի որ սեփական ուժերով ամբողջ հեղուկը հեռացնելը բարդ կլինի:
4. Ֆոնային հավելվածների փակումը խնայում է մարտկոցի էներգիան և հիշողությունը Առաջին հայացքից այս հայտարարությունը նույնպես տրամաբանական է թվում: Եթե հավելվածը փակ է, ապա այն չի սպառում հիշողություն և էներգիա, այնպես չէ՞:
Սակայն ծրագրերի փակումն անիմաստ է (չնայած անվնաս): Եվ Apple-ը, և Google-ը բացահայտ հայտարարել են, որ ձեր ծրագրերը փակելը բացարձակապես չի ազդում մարտկոցի աշխատանքի կամ հիշողության վրա: Փաստորեն, առաջադրանքի տեսքում ցուցադրվող պատուհանները ծրագրի գործարկման պատմությունն են, և ոչ թե ուղղակիորեն գործող ծրագրերը: Մաքրելով դրանք, դուք իրականում ոչնչի վրա չեք ազդում:
5. Լիցքավորելուց առաջ անհրաժեշտ է ամբողջությամբ լիցքաթափել ձեր սմարթֆոնը
Սա ևս մեկ թյուր կարծիք է, որը զանգվածային գիտակցության մեջ հայտնվել է հին նիկելային մարտկոցների շնորհիվ: Բացարձակապես անհրաժեշտ չէ լիցքաթափել ժամանակակից մարտկոցները։
Ավելին, եթե թույլ եք տալիս, որ էներգիան իջնի 0%-ի և սմարթֆոնը երկար մնա այս վիճակում, ապա վարդակին միանալուց հետո այն կարող է չմիանալ: «Խորը լիցքաթափման» վիճակից այն պետք է դուրս բերվի սպասարկման կենտրոնում` օգտագործելով հատուկ էներգիայի աղբյուր:
Այսպիսով, պարզապես լրացրեք ձեր հեռախոսի մարտկոցը, երբ ցանկանում եք, առանց թույլ տալու, որ այն անցնի զրոյի:
6․ Ձեր սմարթֆոնի մարտկոցը պահելու լավագույն տեղը սառնարանն է
Ենթադրվում է, որ մարտկոցներն ու կուտակիչները պահելու ամենահարմար տեղը սառնարանն է: Փաստն այն է, որ ցածր ջերմաստիճաններում մարտկոցների ինքնալիցքավորման գործընթացը դանդաղեցնում է: Ըստ այդմ, եթե պլանավորում եք որոշ ժամանակ չօգտագործել ձեր սմարթֆոնը, ապա ավելի լավ է այն պահել ոչ թե դարակում, այլ սառնարանում:
Բայց այս առասպելը կրկին կապված է նիկել-կադմիում և նիկել-մետաղ հիդրիդային հին մարտկոցների հետ, որոնք որոշ արտադրողներ խորհուրդ են տալիս պահել սառցարանում:
Մյուս կողմից, ժամանակակից մարտկոցների սառեցումը վնասակար է՝ դրանք պարզապես կարող են չաշխատել։ Դրանք պետք է պահվեն չոր տեղում `սենյակային ջերմաստիճանում:
7. Սմարթֆոնները վնասակար ճառագայթում են արձակում
Հեքիաթներ այն մասին, որ հեռախոսները կարող են վնասել մարդու հոգեբանությունը, տարբեր հիվանդություններ առաջացնել և նույնիսկ ունակ են հավի ձու տապակել իրենց «վնասակար ալիքներով», շրջանառվում են ամբողջ աշխարհում՝ բջջային սարքերի հայտնագործումից ի վեր:
Այդ ժամանակից ի վեր, գիտնականները կատարել են մոտավորապես 25,000 ուսումնասիրություն, որոնք հստակ ցույց են տալիս, որ սմարթֆոնների արտադրած նույն հաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթումը լիովին անվտանգ է։
Նույնիսկ սարսափելի 5G-ն, որն այնքան վախեցրել է որոշ մարդկանց, որ նրանք սկսել են այրել բջջային աշտարակները, չի կարող վնասել մարդուն: Արեգակի կողմից արտանետվող ուլտրամանուշակագույն ճառագայթումն էլ ավելի վտանգավոր են:
8. Սմարթֆոնը ձեր բանկային քարտի կողքին պահելը վատ գաղափար է
Հնարավոր է՝ դուք լսել եք նմանատիպ նախազգուշացում: Պատճառն այն է, որ սարքն իր «վտանգավոր էլեկտրամագնիսական ալիքներով» ենթադրաբար կարող է տեղեկատվությունը ջնջել քարտի չիպից: Եվ այն պետք է վերաթողարկվի:
Սա հին պատմություն է, բայց ճշմարտության հետ ոչ մի կապ չունի: Սմարթֆոնն իսկապես առաջացնում է մագնիսական դաշտ, բայց այն այնքան թույլ է, որ ոչ մի քարտ չի կարող վնասվել: Շատերը սովորաբար քարտեր են կրում սմարթֆոնի պատյանների հատուկ գրպաններում, և դա ոչ մի խնդիր չի առաջացնի։
9. Մաքրող միջոցներն ու օպտիմիզատորները երկարացնում են մարտկոցի կյանքը
Google Play-ը լի է տարբեր տեսակի մաքրող միջոցներով, օպտիմիզատորներով և այլ ծրագրերով, որոնք նախատեսված են ձեր Android սմարթֆոնն ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Շատ օգտվողներ անկեղծորեն հավատում են, որ այդ լուծումները գործում են:
Չնայած, թվում է, թե ինչպես կարող է մեկ ծրագիր մշակողը ավելի լավ օպտիմալացնել համակարգը, քան Google-ի ինժեներների ողջ անձնակազմը:
Գործնականում հիշողության մաքրիչները և առաջադրանքների արգելափակումները կամ ոչ մի օգտակար բան չեն անում, կամ միայն սմարթֆոնն են ավելի ծանրաբեռնում: Android-ը հանգիստ թողեք և տեսեք, որ դրա հետ ամեն ինչ կարգին է: Օպերացիոն համակարգը ավելի լավ գիտի, թե ինչպես վարվել իր ռեսուրսների հետ:
10. Եթե անջատեք ձեր սմարթֆոնը և հեռացնեք SIM քարտը, անհնար կլինի հետևել դրան
Սա բոլորովին ճիշտ չէ: Իհարկե, SIM քարտը հեռացնելը, սարքն անջատելը կամ թռիչքի ռեժիմ դնելը կդարձնի հետևելը դժվար, բայց ոչ անհնար: Ի վերջո, դեռ 2004-ին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը զինված էր նույնիսկ անգործուն հեռախոսների գտնվելու վայրը որոշելու եղանակներով:
Սիրարփի Աղաբաբյան