Հազարավոր քաղաքացիներ շարժվում են դեպի Ազատության հրապարակ

«Հայրենիքի փրկության շարժման»  նախաձեռնությամբ  քիչ հետո Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր օրի շարունակում է  գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։

Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարիր, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է շարժման կոչ-ուղերձում։

Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ։

Քաղաքի տարբեր հատվածներից հազարավոր քաղաքացիներ շարժվում են Ազատության հրապարակ: ՀՅԴ կուսակցության բազմաթիվ անդամներն  իրենց քայլերթը սկսել են Հյուսիսային պողոտայից, քաղաքացիներ են հավաքվել նաև  Սուրբ Աննա եկեղեցու մոտ, Սարյանի պուրակում:

 

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  «անակնկալ կերպով» սպասվող մեծ հանրահավաքից մեկ օր առաջ Ազգային Անվտանգության ծառայության կողմից հարցաքննվել էին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, բերման էին ենթարկվել և ձերբակալվել  ընդդիմադիր մի շարք հասարակական, հանրային գործիչները, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը:

Այսօր արդեն գործի էր անցել նաև հայրենի ոստիկանությունը. բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը, ոստիկանությունից ծանուցում է ստացել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս