Մի քանի նպատակ ունի այս գործողությունը. Քաղաքագետը՝ իշխանությունների ռեպրեսիաների մասին
Ինչպես և սպասելի էր, այսօր ժամը 15:00-ին սպասվող մեծ հանրահավաքին ընդառաջ իշխանությունները սկսել են «կանխարգելիչ» գործողությունները: Երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից հարցաքննվեցին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին ընդդիմադիր մի շարք հասարակական, հանրային գործիչները, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը:
Այսօր արդեն գործի անցավ նաև հայրենի ոստիկանությունը. առանց ոստիկանական համազգեստի ոստիկաններն ուղղակի մոտեցան և բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանին, ոստիկանությունից ծանուցում է ստացել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
168.am–ը քաղաքագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ այս մեթոդներով իշխանությունները փորձում են վախեցնե՞լ հանրությանը, որպեսզի խուսափեն հանրահավաքին մասնակցելուց:
Ի պատասխան՝ նա նշեց. «Մի քանի նպատակ ունի այս գործողությունը. առաջինը՝ ցույցի ամենաակտիվ պոտենցիալ ղեկավարներին մեկուսացնել, երկրորդը՝ նվազեցնել մարդկանց թիվը, և երրորդը՝ ընդդիմության մեջ նվազեցնել պատրաստվածությունն ավելի կտրուկ քայլերի դիմելու՝ այսպիսով և՛ վախեցնել ընդդիմության ներկայացուցիչներին, և՛ նրանց պատրաստակամությունը կտրուկ գործողությունների նվազեցնել»: