«Նախագահ Սարգսյանին ոչինչ հայտնի չէ Ձեր կողմից նշված «պայմանավորվածությունների» վերաբերյալ»․ ՀՀ նախագահի աշխատակազմ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթվա վերջից արդեն Երևանում է: Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության։ Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդել էր, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։

Քանի որ այդ ընթացքում հասարակական ու քաղաքական սուր հնչեղություն ունեցող ամենատարբեր հարցերի շուրջ այդպես էլ չէին հնչել Նախագահ Արմեն Սարգսյանի մոտեցումները, իսկ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում դա առնվազն տարակուսանքի տեղիք էր տվել, 168.am-ը մի քանի գրավոր հարցադրումներ հղեց նրան:

Նախագահից նախ հետաքրքրվել էինք Սյունիքի մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով առաջացած անվտանգային խնդիրների վերաբերյալ նրա դիրքորոշմամբ՝ նկատելով, որ անվտանգային այդ հարցերի մասին բազմիցս բարձրաձայնում են թե՛ մարզի բնակիչները, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, թե՛ իրավապաշտպանները, թե՛ քաղաքագետներն ու փորձագետները, թե՛ հասարակ քաղաքացիները:

Ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խիստ մտահոգում են Սյունիքի մարզում սահմանագծման աշխատանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և սահմանազատման ու սահմանագծման հետ կապված խնդիրները:

Հանրապետության նախագահն այդ հարցերին անդրադարձել է դեռ անցյալ տարեվերջին` նշելով GPS-ով կամ այլ ինչ-որ գործիքներ օգտագործելով սահմանազատման գործընթացների անթույլատրելիությունը։

Նախագահ Սարգսյանն անցյալ տարեվերջին այս հարցը բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում:

Հանրապետության նախագահն այն կարծիքին է, որ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթացներ են, որոնք ենթադրում են առնվազն հետևյալ փուլերը. պետական դիրքորոշման ձևավորում և բուն աշխատանքների կազմակերպում:

Ըստ նախագահի՝ սահմանազատումը լրջագույն խնդիր է, և համապատասխան լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի այդ գործընթացը չիրականացվի ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքի, անվտանգության, և ի վնաս ՀՀ քաղաքացու:

Առողջական վիճակի բարելավումից հետո Հանրապետության նախագահը պատրաստվում է իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով մեկնել Սյունիք»:

Հարցին, թե չի՞ ցանկանում արդյոք իրականացնել Մայր oրենքով իրեն տրված լիազորությունները, քանի որ Պետության գլուխն է, Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը, և հարցազրույցներում հաճախ դժգոհում է, թե Սահմանադրությամբ քիչ լիազորություններ ունի, սակայն այդ հարցում իրեն վերապահված են ամբողջական լիազորություններ, գրասենյակից արձագանքել էին.

«Հանրապետության նախագահի կարգավիճակին վերաբերող Ձեր մեջբերումը արված է նախկին՝ 2005թ. Սահմանադրությունից, որն այլևս չի գործում: Մինչդեռ 2015թ. ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահին նման դերակատարում և լիազորություններ ընձեռված չեն: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, որ Հանրապետության նախագահը չի դժգոհել գործող Սահմանադրությամբ իր լիազորությունների սահմանափակությունից, այլ՝ արձանագրել է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակության փաստը և նշել է իրավիճակներ, որոնք անհնար է կարգավորել առանց համապատասխան լիազորություններ ունենալու: Հանրապետության նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձգտում է անել հնարավորինը՝ ճգնաժամային իրավիճակի շուրջ քննարկումներ ծավալելու, այն հաղթահարելուն ուղղված կոնկրետ ելքեր առաջարկելու համար: Այդ մասին նա մանրամասն խոսել է նաև անցած տարեվերջին հրապարակված՝ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» խորագրով իր հոդվածում»:

Նախագահի գրասենյակից 2015թ. սահմանադրական փոփոխություններով Հանրապետության նախագահի կարգավիճակի և գործառույթների մասին Սահմանադրության 123-րդ հոդվածն էին հիշեցրել նաև մեր հաջորդ հարցին ի պատասխան, որում հետաքրքրվել էինք.

«Օրեր առաջ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին առնչվող ինչ-որ «պայմանավորվածության» մասին. Որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավոր՝ գոնե այս անգամ տեղյա՞կ եք, թե ինչի մասին է խոսքը, և արդյոք չե՞ք պատրաստվում հանրությանը մանրամասներ ներկայացնել, թե խոսքն ինչ նոր պայմանավորվածությունների մասին է»:

«2015թ. սահմանադրական փոփոխություններով Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները սահմանված են Սահմանադրության 123-րդ հոդվածում Ստիպված ենք նորից փաստել, որ Ձեր հարցի մեջ վկայակոչում եք այլևս գոյություն չունեցող սահմանադրական դրույթ:

Նախագահ Սարգսյանին ոչինչ հայտնի չէ Ձեր կողմից նշված «պայմանավորվածությունների» վերաբերյալ»,- պատասխանել էին գրասենյակից:

Իսկ թե ինչ փուլում է գտնվում նախագահի բուժումը. արդյո՞ք ամբողջությամբ վերականգնվել է, թե՞ ոչ՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ տեղեկացրել են. «Հանրապետության նախագահը աշխատում է, նաև զուգահեռ շարունակում է բուժումները»:

Տեսանյութեր

Լրահոս