Մահ կամ իշխանություն․ Նիկոլ Փաշինյանի ինքնադատավճիռը

Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև՝ դրանից շատ առաջ։ Նա ի սկզբանե քաղաքականությունը դիտարկել է՝ որպես կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ հաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան հաջողվել է հաղթել, ինչը հիմք է տվել դիմելու ընդդիմախոսներին քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնելու քայլերի։

Նիկոլ Փաշինյանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաև այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ինքզինքը՝ որևէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից հետո հանգիստ կյանքի որևէ հնարավորություն չթողնելով։ Եթե ոչ միայն, ապա նաև նահանջի հնարավորության բացակայությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որովհետև նա, ոչ առանց հիմքի, մտահոգվում է, որ առանց իշխանության ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կյանք ունենալ։

Բայց եթե պատերազմից առաջ դա այդպես էր միայն ներքին կյանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից հետո պատկերը Նիկոլ Փաշինյանի համար՝ ավելի ողբերգական, նահանջի հնարավորությունն էլ՝ ավելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է շատ ավելի անթույլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականության, հազարավոր մարդկային կյանքերի տեսքով։

Արցախյան պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի աննահանջության վերջնական դատավճիռը, քանի որ դրանից հետո իշխանություն կորցնելու պարագայում նա լավագույն դեպքում կարող է պատասխան տալ օրենքի առաջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, ներքին ու արտաքին կարմիր գծերը հատելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն դրել է «մահ կամ իշխանություն» փակուղային իրավիճակում, որից գոնե տեսանելի ելքեր չեն ուրվագծվում։

Ի հեճուկս տարիներ առաջ հանրապետությունով մեկ իր իսկ բղավոցների՝ այն մասին, որ «ելք կա»։ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ ելք չունենալով ու որպես միակ ելք դիտարկելով իշխանության պահպանումը՝ անելանելի վիճակի մեջ է դրել նաև Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ելքն իշխանությունից՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Ավետիս Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս