Ապշում եմ՝ իշխանությունը գլուխ է գովում, որ կարողացավ արտաքին պարտքն ավելացնել. ահռելի բեռի ենք հասել. Արկադի Խաչատրյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վստահեցնում է՝ Հայաստանը կանգնած է տնտեսական ծանր դրության առաջ, և այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերից մեկը նոր ռազմավարությամբ նոր բյուջեի ընդունումն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հետպատերազմյան Հայաստանում առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների ու Կառավարության առաջնահերթությունների մասին, պատգամավորն ասաց նաև, որ, օրինակ, անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ միայն Կառավարության պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20 տոկոսով։
«Բացի սա՝ 2021 թվականի բյուջեն առհասարակ չի համապատասխանում այն իրականությանը, որում ապրում ենք։ Կտրուկ ավելացել է Արցախից տեղահանվածների ու այլ շերտերի աջակցության համար սոցիալական ծրագրերի թիվը։ Ավելացել է նաև բանակի արդիականացման, նոր դոկտրինի անհրաժեշտության հարցը։ Տնտեսական և անվտանգային նոր բաղադրիչների ներդրման անհրաժեշտություն ևս կա։ Ընդհանուր առմամբ, հիմա մեր թիվ մեկ խնդիրը պետք է դառնա տնտեսության և արդյունաբերության արդիականացման հարցը»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո այս խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում, սակայն արդեն երեք ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, սակայն այս խնդիրների լուծմանն ուղղված որևէ քայլ դեռ տեսանելի չէ։
Արկադի Խաչատրյանի փոխանցմամբ՝ թեև Կառավարությունը պատերազմի ավարտից հետո իրականացնում է սոցիալական ծրագրեր, այդուհանդերձ չկա դրան զուգահեռ որևէ երկարաժամկետ ռազմավարություն, որը կդնի երկրի զարգացման հիմքը։
«Ուստի պետք է մշակվի և ներկայացվի նոր պետական բյուջե, որովհետև 2021 թվականի բյուջեն իրականության հետ կապ չունի, ընդունվել է խախտումներով նաև. օրինակ՝ 342 միլիարդ դրամի դեֆիցիտ է նախատեսված, իսկ ՀՆԱ-ի կանխատեսումը՝ 7.1 տրիլիոն դրամի, 2020-ի համեմատ պակաս է 10 տոկոսով, կազմում է 6.4 տրիլիոն դրամ։ Սա հսկայական տարբերություն է, և որպեսզի 2021 թվականի բյուջեն ենթարկվի փոփոխության, պետք է լինեն ծրագրեր, մշակվի երկարաժամկետ ռազմավարություն, բացի այդ, պետք է այն համապատասխանեցվի Կառավարության ծրագրին։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք են արտահանման, արդյունաբերական գոտիների խթանման և այլ միջոցառումների անհրաժեշտություն, որոնք հիմք են հանդիսանալու հետագա զարգացման համար»,- ասաց նա։
Պատգամավորը տնտեսական աճի զարգացման համար կարևորեց նաև կապիտալ ծախսերի անհաժեշտությունը, որոնց համար 2021 թվականի բյուջեով նախատեսված է 215 միլիարդ դրամ, ինչը պակաս է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտից 5.4 տոկոսի չափով։
«Սրան զուգահեռ՝ ունենք ավելացող արտաքին պարտք. այն մոտենում է 9 միլիարդին։ Ամբողջ խնդիրն այն է, թե այս ավելացված պետական պարտքը Կառավարությունն ինչպե՞ս է օգտագործում։ Ահռելի պետական պարտքի բեռի ենք հասել։ Ես ապշում եմ, որ իշխանական շրջանակները հպարտությամբ են խոսում, թե կարողացան թողարկել եվրոպարտատոմսեր, ինչ է՝ գլուխ գովելու բա՞ն է, որ կարողացաք արտաքին պարտքն ավելացնել. պետք չէ ախր հրճվանքով ու գովասանքով խոսել դրա մասին։ Մենք գտնվում ենք ծանրագույն տնտեսական վիճակում, մենք պարտադրված ենք լինելու շատ խիստ սահմանափակել ընթացիկ ծախսերի աճի տեմպը, իսկ կառավարությունը պետք է ներկայացնի, թե ինչպես է նվազեցնելու ավելացրած արտաքին պարտքը»,- ասաց Խաչատրյանը։
Խոսելով ստեղծված իրավիճակում ներդրումների ներգրավման հավանականության, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստացած միլիարդավոր ներդրումային ծրագրերի մասին, Արկադի Խաչատրյանը նախ հարց հնչեցրեց. «Եթե այդքան ծրագրերն ունեիք, իսկ ո՞ւր էին այդ ներդրողները մինչև հիմա,- ապա շարունակեց,- Մեզ պետք են ինստիտուցիոնալ ներդրողներ, նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է բարձրացնել մեր երկրի ներդրումային գրավչությունը, որովհետև ներդրողները ներդրումներից առաջ հաշվի են առնում տվյալ երկրի ռիսկայնությունն ու շահութաբերությունը, իսկ ռիսկերը կապված են անվտանգային հարցերի և սոցիալական սրված խնդիրների հետ։ Հիմա մեր երկրում առկա են ծանրագույն սոցիալ-հոգեբանական տրամադրություններ, առկա է հուսալքություն։ Այս խնդիրները վերացնելուց հետո նոր հնարավոր է ներդրումներ ներգրավել։ Բայց դրանք միակը չեն, խնդիրներին ավելանում է նաև արտագաղթն ու դեմոգրաֆիական մի շարք հարցեր։ Ներդրումներ ներգրավելուց զատ՝ պետք է կանխել նաև արտագաղթը, որովհետև մարդկային կապիտալն ամենակարևորն է, որի վրա պետք է շեշտադրում անենք»:
Արկադի Խաչատրյանն ընդգծեց, որ իր մատնանշած խնդիրների լուծմանը հնարավոր է հասնել նոր տեխնոկրատներով կառավարության ձևավորմամբ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում