Ձյունը ծածկել է Լիբիան և Եգիպտոսը
Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում։ Լիբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնն ամբողջությամբ ձյունապատ բնապատկերով տեսագրություն է հրապարակել երկրի արեւելքի Ջաբալ Ահդար տարածաշրջանից: Նաեւ ձյուն է տեղացել հարեւան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա խոշոր քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել է մինչեւ զրո: Եղանակի բարելավում սպասվում է փետրվարի 18-ից:
Եգիպտոսում ձյունը ծածկել է Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ դրանից մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներ էին, ինչպես նաեւ Սինայի թերակղզու կենտրոնը:
Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերեւութաբանները նախազգուշացրել էին կտրուկ ցրտելու մասին եւ հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում:
Բայց փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել է միայն ոչ այնքան հորդառատ անձրեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ հասնում է 8–ի, ընդ որում՝ փետրվարի սկզբին ջերմությունը հասել էր 28 աստիճանի:
Առողջարանային Շայմ-Էշ-Շեյքում ջերմաստիճանն իջել է մինչեւ +17: