
«Թույլ չենք տա որևէ հարված հասցնել Ռուսաստանի ինքնիշխանությանը». Պուտին

Ռուսաստանը թույլ չի տա արտաքին միջամտություն խորհրդարանական ընտրություններին և հարվածներ երկրի ինքնիշխանությանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպմանը:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել ժողովրդի ընտրությունն արտաքին միջամտության ցանկացած փորձից: Մենք չենք կարող և թույլ չենք տա որևէ հարված հասցնել Ռուսաստանի ինքնիշխանությանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ այդ հարցում բոլոր խորհրդարանական խմբակցություններն ընդհանուր մոտեցում են ցուցաբերում: Նախագահը հույս է հայտնել, որ նրանք հետագայում ևս հստակ և վստահ պետական դիրքորոշում կունենան այդ հարցում:
«Կարծում եմ, որ նման հայրենասիրական համերաշխությունն անհրաժեշտ է, առավել ևս առաջատար կուսակցությունների համար, որոնք ունեն իրենց ավանդույթները, գաղափարախոսությունը և իրական ազդեցություն հասարակությունում»,- ասել է երկրի ղեկավարը՝ կոչ անելով պահպանել այդ հեղինակությունը՝ աշխատելով ոչ միայն կողմնակիցների, այլև ընդդիմադիրների և քաղաքականապես չեզոք անձանց հետ:
ՌԴ Պետդումայում ընտրություններ կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: