«Ես ապշած էի». Իսագուլյանը՝ Կարեն Կարապետյանի որոշման մասին
Էդմոն Մարուքյանը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո գրառում էր արել, որ, եթե ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, քննարկել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ինչո՞ւ էին հարկատուների փողերով այդ տարածքներում ենթակառուցվածքներ զարգացնում, քաղաքներ կառուցում, որ հետո տային Ադրբեջանի՞ն:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին՝ ասելով. «Մարուքյա՛ն, եթե պետք է մեռնես, ապա ինչո՞ւ ես ծնվել: Մարդը եթե պետք է մեռնի, ինչո՞ւ է ծնվում: Մենք տարածքներ ենք ազատագրել, անվտանգության գոտի, որտեղ առնվազն 20.000 զինվորական է ապրում՝ իր ընտանիքով: Այսինքն, այդ մարդկանց համար տներ ու անհրաժեշտ ոչինչ չպետք է կառուցեի՞նք: Ցանկացած տեղ, որտեղ կանգնած է քո զինվորը, անմիջապես իր հարևանությամբ ստեղծվում են բոլոր անհրաժեշտ կառույցները, որպեսզի դա սպասարկի բանակին: Ինքս եղել և մնում եմ «ոչմիթիզական», բայց դա չի նշանակում, որ նրանք, ովքեր կողմ են եղել, որ պետք է լինեն փոխզիջումներ, կապ չունի, անհրաժեշտ կառույցներ պետք է լինեին: Չի բացառվում, որ որպես պետություն՝ վաղը կամ մյուս օրը Թուրքիան վերանա, հիմա իր երկրում ներդրում չպե՞տք է անի»:
Գառնիկ Իսագուլյանը հորդորեց հիշել Սերժ Սարգսյանի բառերը, թե ինչ էինք մենք ձեռք բերելու. «Որովհետև այնտեղ կային Շահումյանի, Գետաշենի, Մարտունու և Մարտակերտի հարավարևելյան շրջանների խնդիրները: Սակարկման շատ բան կար: Եվ 5+2 տարբերակով վեադարձնելու պայմանով ոչ մի խոսք չէր գնում, որ այնտեղի բնակչությանը պետք է տեղահանեն: Մենք միշտ ասել ենք, որ եղել է առնվազն 500.000 փախստական, որոնք Բաքվից ու Սումգայիթից եկել են, բնակվել այդ տարածքներում: Ոչ ոք չէր կարող այդ բնակչությանն ասել՝ պետք է տեղահանվես, տներդ էլ վառես,- նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը՝ հավելելով,- Սերժ Սարգսյանը քայլում էր ածելու ծայրով, բայց կարողանում էր հավասարակշռել Արևմուտքը, Արևելքը, Հյուսիսը, Հարավը: Երբ խոսում էր այն մասին, թե 2018-24թթ. ինչ փոփոխությունների պետք է ենթարկվի բանակը, բացարձակ ճշմարտություն է: Չէի մտածի, որ այդ մարդն ուղիղ 3 ժամ ազնվորեն կպատմի այն ամենը, ինչ տեղի է ունեցել»:
Իսագուլյանը հայտնեց նաև, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն ինքը եղել է նախագահական նստավայրում, ապա իմացել է, որ իշխանությունը փոխանցվելու է Կարեն Կարապետյանին:
«3 օր է, սկսել էինք այդ գործունեությունը, երբ Կարեն Կարապետյանն ինձ կանչեց ու ասաց, թե՝ գիտեք՝ ինչ կա, այս գործը մենք այլևս չենք անելու, ինքը հրաժարական է տալու: Ես ապշած էի. այդ մարդն ո՞ւմ հետ էր հանդիպել…»,- մանրամասնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը: