«Հրամանատարները եղել են բեմին»․ Ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց բեմը հայտնվեց․ մանրամասներ՝ Շուշիի մշակույթի տան պայթյունից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփարատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հարազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստիկանների բերել ռմբակոծվող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հավաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթյունից հետո փախան, և վերջապես՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց մշակույթի տան բեմը հայտնվեց:
Սպանվածներից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը, համոզված է, որ ամուսինը՝ Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, մայոր Հակոբ Աղաբեկյանը, և մյուս ոստիկանները՝ Խաչիկ Կարապետյան, Կարեն Մանուկյան, Սևակ Մովսիսյան, դավադրության զոհ են դարձել:
Ինչպես որոշվեց նրանց տանել Շուշի: Այրին հիշում է. դեպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչեցին Վանաձորի զորամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն ծառայության գծով տեղակալը, քրեական բաժանմունքի պետը հրաժարվեցին գնալ:
«Հակոբը շատ բարկացել էր, ասել էր՝ լավ, ես կգնամ, կգամ՝ դուք ձեր վիճակը կտեսնեք»,- պատմում է այրին: Ամուսինն ամռանը կորոնավիրուս էր տարել, երկկողմանի թոքաբորբով, ղեկին քնում էր, վթարի ենթարկվեց, մատները վնասված էին, ողնաշարի ճողվածք ու սրտի խնդիրներ ուներ, բայց գնաց, որովհետև մյուսները հրաժարվեցին։
Վարդուհին պատմում է, որ նրանց տարել են Փամբակ, այնտեղ վատ են վերաբերվել, սնունդ չեն տվել: «Հակոբը տարօրինակ էր իրեն պահում: Զանգել էր, ասել էր հորեղբորս տղային՝ եկել եմ, բայց փոշմանել եմ: Ամուսինս և Մանուկյան Կարենը՝ անչափահասների բաժնի պետը, զանգել ասել են մյուս ոստիկաններին՝ եթե ձեզ կանչեն, չգաք հանկարծ»: Իսկ հոկտեմբերի 3-ին՝ մահից մեկ օր առաջ, Հակոբ Աղաբեկյանը զանգել-ասել է, որ գնում է Ղարաբաղ: Զորքի կեսը տեղյակ չի եղել, որ տանում են Շուշի:
«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառույթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմավորող չի լինում: Իրենց հարցնում են, թե ինչու եք եկել Շուշի, որ այնտեղ միայն հատուկ ծառայությունների ուժեր են: Դեպքից հետո արդեն իմացանք, որ Հակոբենք օրենքով կանչված չեն եղել: Ոստիկաններն ասել են՝ եթե իմանայինք այսպես է, չէինք գնա: Խրամատներում ավելի ապահով է եղել, քան Շուշի քաղաքում»,- ասում է Վարդուհին:
Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկանների մեջ վեճ է առաջացել: Տղաների կեսը հրաժարվել է գնալ առաջնագիծ: Հրաժարվողներին դասալիք են անվանել: Ժամը 4-ին մշակույթի տանը ժողով է նշանակված եղել: Բայց ոստիկանները, որոնք հրաժարվել են գնալ առաջնագիծ, մշակույթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարվել են մասնակցել ժողովին: Հակոբ Աղաբեկյանը, մինչև ճակատագրական ժողովը, վիճել է զինվորականների հետ։
Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնագիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք: Նա նաև բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել: ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրը, որին գնդակահարել են հետո որպես լրտեսի, ինքն է ստիպել, որ տղաները մտնեն ժողովի»,- պատմում է Վարդուհի Սահակյանը:
Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակույթի տան պահակն ասել է Արթուր Սարգսյանին՝ էս ինչ ես անում, էսքան տղին ինչի ես մտցնում ստեղ: Սարգսյանն ասել է՝ քո գործը չի: Հրամանատարները եղել են բեմին: Հարվածը հենց եղել է բեմին: Հակոբն ու անչափահասների բաժնի պետ Կարեն Մանուկյանն ընկել են պադվալը, որն անմիջապես բեմի տակ է: Եղբայրս, որ Մատաղիսում էր կռվում, պարզել է, որ Հակոբի անունը չկա վիրավորների մեջ, բայց մեզ այստեղ խաբում էին, ասում էին՝ ոտն է վիրավոր, գլուխն է վիրավոր, մանիպուլյացիա էին անում»:
Հակոբ Աղաբեկյանն ու Կարեն Մանուկյանն ընկած են եղել նկուղը և 4 օր մնացել են փոսում: Ոստիկանները, որոնք դրսում են եղել, փախել են ու չեն փրկել Հակոբին: Նա մահացել է տրավմատիկ շոկից: Ոտքն է կոտրված եղել: Անգամ ակնոցն աչքին մնացած՝ այդպես մահացել է: «Զորքն իրեն թողեց, հետ եկավ։ Ասեցին՝ տեխնիկա էր պետք։ Եթե չլիներ ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, նրանց դին էլ չէին բերի: Ամուսնուս մոտ ընկերն է»,- պատմում է կինը:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ոստիկաններին Շուշիի մշակույթի տուն են մտցրել դաստիարակչական աշխատանքներ տանելու համար: Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցված, սակայն զոհվածների հարազատներին մինչ օրս հարցաքննության չեն կանչել: Նրանք վստահ են, որ քննությունը, եթե անգամ ընթանում է, ձևական է: «Ես զանգել եմ իրենց, հարցրել եմ՝ ես տուժողի իրավահաջորդ եմ, ինչո՞ւ ինձ չեք կանչել, դեռ մի ամիս առաջ եմ զանգել, ինձ ասել են՝ կզանգենք, բայց մինչև հիմա չեն զանգել»,- ասում է զոհվածներից մեկի այրին:
Աշխատանքը կորցնելու մտավախությամբ, նա խնդրեց իր անունը չնշել, բայց պատմեց, որ երբ ոստիկանները մտնելիս են եղել մշակույթի տուն, տեղի բնակիչները, կանայք զարմացած հետ են քաշել նրանց: «Անգամ 5 հոգի չէր կարելի, որ իրար գլուխ հավաքվեն: Տղաների կողքից անցնող Շուշիի կանայք ասել են նրանց՝ տղա ջան, ցվրվեք: Իրենք էլ զարմացած նայել են այդ կանանց»: Լոռու մարգային վարչության Բազումի պետ Վազգեն Թորոսյանը ևս ստիպել է, որ տղաները մտնեն մշակույթի տուն: Նա ողջ է և նույն պաշտոնն է զբաղեցնում՝ պատմում է զոհվածի այրին՝ ակնկալելով, որ Դատախազությունը կարձագանքի այդ տեղեկություններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: