«Թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի ժամանակ մտահոգության առարկան այն է եղել, որ Արցախն ունենա հստակ կարգա­վիճակ»․ Վահրամ Բալայան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանն իր հար­ցազրույցում բավականին ուշագրավ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթա­ցի մասին՝ նշելով, որ Երևանը շատ մոտ է եղել հանգուցալուծմանը: Խոսեց միջազգայնորեն երաշխա­վորված խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր ԼՂ բնակչության ագատ կամարտահայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգությունը պետք է ապա­հովեին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն կհանդիսանար ԼՂ ան­վտանգության երաշխավոր, ԼՂ-ն էլ իրավունք էր ստանում անդամակցել միջազգային տարբեր կառույցների, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր: Մեր վերահսկողության տակ կլինեին Լաչինի և Քելբաջարի շրջանները: Ասվածից որոշ բան հայաստանյան հանրության համար նորություն էր, իսկ որքանո՞վ էին Արցախում տեղյակ այս ամենից: Զրուցեցինք Արցախի խորհրդարանի արտաքին հարաբե­րությունների հանձնաժողովի նախա­գահ, նախկինում ԼՂ ԱԺ փոխնախա­գահ Վահրամ Բալայանի հետ:

-Սարգսյանի ներկայացրած լուծումները Ձեզ հայտնի՞ էին:

-Մի մասն եմ լսել… Այստեղ Ապրիլյան պատերազմից հետո որ հավաք է եղել, մասնակցել եմ, խոսել-լսել ենք:

-Ասում էր՝ պետք է լուծե՞մ:

-Ասում էր, որ անհրաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պետք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենա: Իր մոտեցումը սա էր: Որ պետք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի հստակ կարգա­վիճակ լինի՝ կա՛մ որպես ՀՀ մաս, կա՛մ որպես առանձին պետություն: Իհարկե, երկար զրույց էր…

-Իսկ տարբերակներից ո՞րն էր ընդունելի:

-Խնդիրը հետևյալն էր. անընդհատ խոսվում էր 5+2-ի հետ կապված, այսինքն՝ 5 շրջանների հանձնման տարբերակ, որ պետք է քննարկվեր, և հնարավոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար: Բայց էդ ամենի հիմքում դրված էր Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Ոչ թե Արցա­խը նվիրելու, այլ կարգավիճակի, ան­վտանգության երաշխիքների հարցը: Հետո, գիտեք, մի բան էլ կա. ասելը և անելը տարբեր բաներ են: Կարելի է հարցի շուրջ խոսել, քննարկել, կա­րելի է էսպես անել, էնպես անել, բայց բանն այն է, որ կարող ես էդքանն ասել, բայց ոչինչ չանել: Խնդիրն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները, իմ ունեցած տեղեկություններով, թե՛ Քոչարյանի, թե Սարգսյանի ժամանակ, մտահոգության առարկան այն է եղել, որ Արցախն ունենա հստակ կարգա­վիճակ»։

Տեսանյութեր

Լրահոս