«Սենց ապրել էլ հնարավոր չի». քաղաքացիները՝ ընտրությունների ու իշխանափոխության մասին

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա և «Իմ քայլը» շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս ամենին զուգահեռ՝ «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին դուրս է գալիս փողոցային պայքարի, նախաձեռնում հանրահավաքներ:

168.am-ը Երևանում անցորդներից հետաքրքրվեց, թե կա՞ իշխանափոխության անհրաժեշտություն, ինչպե՞ս են գնահատում գործող իշխանության աշխատանքն ու երկրում առկա իրավիճակը:

«Ես ուզում եմ, որ էս իշխանությունը շուտ հեռանա, արտահերթով կլինի, թե ապստամբությամբ կլինի, թե ինչով կլինի, թող շուտ հեռանա»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, թե բացարձակ գոհ չէ իշխանության գործելաոճից:

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, ասաց.

«Ես, ճիշտն ասած, սիրով կմասնակցեի, բայց հոգեվիճակս թույլ չի տալիս, մինչև հիմա ես ամուսնուցս լուր չունեմ»:

«Ես ասեմ, որ հավատում եմ Նիկոլին և շատ սիրում եմ իրեն… Շատ բաներ ա եղել, չեմ կարող ես արտահայտել հիմա, բայց ինձ թվում ա, որ դեռ կարող է Նիկոլը ամեն ինչ վերափոխել, և առաջ գնա մեր ժողովուրդը: Հիմա չենք ուզում, որ հինը գա, ուզում ենք, որ մի հատ այնպիսինը լինի, որ շատ ուժեղ լինի: Եթե Նիկոլից ուժեղ լինի, դա ուրիշ բան, բայց հիմա ես գերադասում եմ, որ թող լինի Նիկոլը»,- ասաց մեկ ուրիշ քաղաքացի՝ չպատասխանելով հարցին, թե իշխանության ո՞ր քայլերն են իրեն գոհացրել:

«Եկեք դրա մասին չխոսենք, էլի, եկեք չխոսենք»,- ասաց նա:

«Արտահերթ ընտրությունների արդյունքում երևի թե պարզ կդառնա՝ գործող իշխանությունն ունի՞ աջակցություն, թե՞ չէ: Երևի թե ավելի հանգիստ քաղաքականություն վարելու համար իրենց համար ավելի հեշտ կլիներ շարունակել»,- նշեց մեկ այլ քաղաքացի:

Հարցված քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե գործող իշխանության գործելաոճի հանդեպ որևէ վերաբերմունք չունի, ընտրություններին չի հավատում ու դեմ է ժողովրդավարությանը:

«Ֆեոդալիզմ ա մեզ պետք»,- նշեց նա:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե գոհ է Նիկոլ Փաշինյանի գործելաոճից, որովհետև այլ տարբերակ չկա, կառավարության ղեկավարն այժմ ինքն է:

«Դե, ուրիշ տարբերակ չունենք, քանի որ էդ ա, մեր կառավարությունը հիմա սա ա, երևի փրկեց էն մնացած 25.000-ի կյանքը: Ճիշտ ա՝ չէինք ուզենա, որ մեր զինվորները այսպիսի վիճակում հայտնվեին, ես չգիտեմ՝ կարելի՞ էր շուտ, թե՞ ուշ, դա արդեն քաղաքագետները գիտեն…,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, թե չկա իշխանափոխության անհրաժեշտություն,- առայժմ թող գոնե իրանք ուղղեն իրենց սխալները»:

Հարցին, թե իր կարծիքով՝ ներկա իշխանությունը Հայաստանի անվտանգությունն ապահովո՞ղ իշխանություն է, արձագանքեց.

«Ինձ թվում է՝ Ռուսաստանն ավելի կապահովի մեր անվտանգությունը, իհարկե, Փաշինյանի հետ միասին»:

«Ընտրություններ պետք ա լինեն անպայման, էդ՝ իմ կարծիքով: Ես չգիտեմ՝ քաղաքականությունը որքանով ա ճիշտ: Բայց ընտրություն, որ պետք ա լինի, էդ 100% պետք ա լինի, որովհետև սենց ապրել էլ հնարավոր չի… Թեկուզ իշխանափոխություն լինի էլ, միևնույն ա՝ ոչինչ հետ չեն կարա բերեն, բայց գոնե եղածը կարան պաշտպանեն»,- մեր հարցերին պատասխանելով՝ ասաց մեկ այլ քաղաքացի:

Հարցմանն ի պատասխան՝ մի քաղաքացի էլ նշեց, թե այժմ երկրում ոչ մի բան կայուն չէ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեկ ասվում է՝ «պետք է լինի», մեկ ասում են՝ «հանվում է»: Ինչ վերաբերում է իշխանափոխության հարցին, պնդեց, որ այժմ կա դրա անհրաժեշտությունը:

«Իշխանափոխություն անհրաժեշտ է: Պայմանավորվում է դրանով, որ մենք պարտված պետություն ենք համարվում՝ հանձինս մեր իշխանությունների, և կարծում եմ՝ յուրաքանչյուր պարտված իշխանություն պետք է հրաժարական տա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե վերջին 3 տարիներին, բացասականից բացի, որևէ փոփոխություն չի տեսել:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանավարման սկզբնական շրջանում հավանել է նրա գործելաոճը, բայց այժմ բացասական կարծիք ունի, ուստի  անպայման պետք է իշխանափոխություն լինի:

«Անպայման, անպայման պետք է լինի: Դե գիտե՞ք ինչ՝ վիճակներս վիճակ չի, էլի: Անպայման պիտի լինի, որովհետև գնալով ավելի վատի ենք գնում… Լավ ղեկավար, որ ժողովրդի վիճակը բարելավի, երկրի վիճակը, ամենաառաջինը երկրի վիճակը բարելավի…

Սկզբից շատ էինք հավանում, բայց հիմա՝ չենք հավանում:  Բաներ կան, որ արել են, բայց դե, դա շատ քիչ բան էր ժողովրդի համար: Նենց չի, որ ոչ մի բան չի արել, որ ճիշտ ասեմ, բաներ կան, որ արել ա, բայց իմ կարծիքով՝ շատ քիչ բաներ էս 3 տարվա մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս