Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին
Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«ՌԴ-ն անցյալ տարի ապրիլին խստացրել է իր պետական և մունիցիպալ գնումների ընթացակարգերը, որի արդյունքում այդ գնումներին կարող են մասնակից լինել ՌԴ-ում գրանցված և գործունեություն ծավալող տնտեսավարողները: ՌԴ-ի այս նախաձեռնությունն առաջացրել է ԵԱՏՄ ընդհանուր կանոնների խախտում, ինչի առնչությամբ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հայտնել են իրենց անհամաձայնությունը։ Արդյունքում սկսվել է բանակցային գործընթաց, քանի որ, համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, մեր տնտեսավարողները պետք է ունենան հավասար իրավունքները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրում գրանցված այլ տնտեսավարողների պես», – ասաց Սիմոնյանը:
«Իրականացված շատ դժվար բանակցային գործընթացի արդյունքում փոփոխություն պետք է արվի ներկայումս գործող խիստ ծագման կանոններում, և նոր կանոններ սահմանվեն, որոնք թույլ կտան, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողները, որոնք այդ կանոնների շրջանակում կարող են մուտք գործել համակարգ և մասնակցել պետական գնումների գործընթացին: Արդյունքում՝ 2021-ի հուլիսի 1-ից հայկական ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին»,-ասաց Սիմոնյանը:
Ներկայումս ձևավորվում է ազգային ռեեստր՝ գրանցամատյան, որի լիազոր մարմինը ՀՀ-ում էկոնոմիկայի նախարարությունն է և նախարարության համապատասխան վարչությունը: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լիազորված մարմինների համապատասխան վարչություններն անցնում են թրեյնինգային դասընթացներ, թե ինչպես իրականացնել գրանցումներ գրանցամատյանում, ընկերությունների կողմից առաջարկվող արտադրանքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Նոր կանոնները բավականին խիստ կանոններ են, որոնք մշակվել են ԵԱՏՄ անդամ երկրների, նաև վերջիններիս գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռեեստրում գրանցումները կսկսվեն հուլիսի 1-ից, և գրանցված ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ պետական և մունիցիպալ գնումներին:
«Ոլորտները հետևյալն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, հատուկ մեքենաշինություն, էներգետիկ մեքենաշինություն, կահույքի և փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրանք, թեթև արդյունաբերություն, քիմիական ճյուղի արտադրանք և նավաշինություն: Պարզ է, որ նշվածներից ոչ բոլոր ոլորտներում կկարողանանք մասնակցություն ցուցաբերել, սակայն կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները կայացած են, օրինակ՝ թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության»,-նկատեց փոխնախարարը:
Սիմոնյանի խոսքով՝ պետք է դիտարկել նաև Հայաստանի հնարավորությունները այս ոլորտում՝ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից: Հայաստանը դառնում է այն հարթակը, որը թույլ է տալիս օտարերկրացիներին գալ, համապատասխան ներդրումներ իրականացնել Հայաստանում, ունենալ վերոնշյալ արտադրանքների թողարկումն ու, գրանցվելով գրանցամատյանում, մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին: Նա սա համարեց ներդրումային նոր հնարավորություն:
Նախկինում հայկական ընկերությունները մասնակցելու հնարավորություն ունեցել են, սակայն, Սիմոնյանի խոսքով, շանսերը 0-ին մոտ են եղել՝ շատ բարդ ընթացակարգերի պատճառով: Ռուսաստանում աշխատող հայ գործարարները մասնակցել են ՌԴ պետական գնումներին, սակայն Հայաստանում գրանցված ընկերությունները հիմնականում չեն մասնակցել, քանի որ դժվար է եղել ՌԴ-ի ռեեստրում գրանցվել:
Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը այսուհետ ընկերություններին օգնելու է իրականացնել ռեեստրում գրանցվելու հետ կապված գործընթացները, այսպիսով հնարավորությունն ավելի մեծ կլինի: