«Ինչո՞ւ ես խաբում, փորձում ես խաբե՞լ, ո՞ւմ: Ախր վստահությունը հասնում է զրոյի այդպիսի դեպքերում, ուղղակի զրոյի է հասնում». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Պարո՛ն նախագահ, երբ հիմա խոսում ենք բանակային իրականության մասին, իմ աչքի առաջ գալիս է վարչապետի` անցած տարվա օգոստոսի վերջում Սարդարապատում կազմակերպած մեծ հանդիսությունը, պարգևատրումը, մոտավորապես 80 հոգի ստացավ մարտական խաչ, առաջին և երկրորդ աստիճանի մեդալներ, հուլիսի Տավուշի մարտերի արդյունքներով մեկ սպա` կապիտան Ռուբեն Սանամյանը Ազգային հերոս դարձավ: Մի շատ կարևոր և նկարագրական դրվագ ասաց վարչապետը և բնորոշեց դրանով Հայոց բանակի մարտունակությունը, ես առաջարկում եմ հիշել այդ դրվագը հենց իր խոսքով և շարունակել…

Տեսանյութ. «Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչը էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ»:

Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ. ես հիշում եմ տասնամյակներ շարունակ, օրինակ, ես լսել եմ, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, բայց սա կարծես եղել է ամենամեծ դիֆերամբը, թող ներվի ասել, սրանից այն կողմ մենք չենք անցել: Դուք համաձա՞յն կլինեք վարչապետի այս գնահատման հետ մեր բանակի հասցեին:

-Բացարձակապես, մի բան է մարտունակ բանակ, մի բան է տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցողը: Մենք հասկանո՞ւմ ենք որն է տարածաշրջանը, թե՞ նկատի ունենք միայն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Նույնիսկ այդ պարագայում… այդ «որոշիչ» բառը… բայց այս տեսագրության մեջ, երևի, դրանք ամենակոշտ բնորոշումները չէին: Կապիտուլյանտը ասում էր, որ տավուշյան հերոսամարտը ցնցող ազդեցություն ունեցավ շատ երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար: Այսինքն՝ ես անկեղծ եմ ասում, չեմ թերագնահատում բացարձակապես երրորդ բանակային կորպուսի, այսինքն՝ Տավուշը պաշտպանող կորպուսի և՛ հրամանատարի, և՛ սպաների, և՛ զինվորների, աշխատանքը, և՛ կատարածը, անկեղծորեն՝ իրենք իրենց աշխատանքը լավ են կատարել, բայց այդ աշխատանքը վերցնել դարձնել PR, փորձել սահմանային միջադեպից կերտել, դարձնել Սարդարապա՞տ, իսկ իրական Սարդարապատի ժամանակ հիմարություննե՞ր անել: Իմաստը ո՞րն է: Ակնհայտ էր, չէ՞, բոլորի համար պարզ էր, որ դա վերջին կետն է, որից հետո սկսվում է հաշվարկը, թե քանի օրից կլինեն ռազմական գործողություններ: Ես անցած տարվա օգոստոսին ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ պատերազմը շատ մոտ է, ակնհայտ էր այդ ամենը: Ինչո՞ւ արվեց:

-Սադրեցի՞ն պատերազմը, կարծում եք՝ հրահրեցի՞ ն:

-Գիտեք, այդտեղ երկու շատ մեծ պրոբլեմ կա: Նախ` նորից անդրադառնամ նրան, թե ինչու չի կարելի խաբել դաշնակցին, երբ դու նախաձեռնում ես դիրքային բարելավում, այնուհետև այդ կոնֆլիկտը մի քիչ մեծանում է, ու հետո աշխարհով մեկ սկսում ես գոչել, որ ադրբեջանցիները հարձակվեցին, մենք սկսեցինք պաշտպանվել, դու մի պարզ բան պետք է գիտակցես, որ մինչև դու դա հայտարարում ես, այնպիսի երկրներ ինչպիսիք Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է, Ֆրանսիան է, արդեն գիտեն, թե ով է հրահրել:

-Եվ Ռուսաստանը հայտարարեց այդ մասին, Լավրովն ասաց, փաստորեն մենք ենք սկսել:

-Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, այդ ինչո՞ւ ես խաբում, փորձում ես խաբե՞լ, ո՞ւմ: Ախր վստահությունը հասնում է զրոյի այդպիսի դեպքերում, ուղղակի զրոյի է հասնում: Իսկ ինչո՞ւ դա եղավ: Եթե հիշում ենք, Լավրովը արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է, վերջապես, անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ ընդհանրապես բանակցային սեղանին թուղթ չկա, փաստաթուղթ չկա և ընդհանրապես բանակցություններ տեղի չէին ունենում, իհարկե իրենք խճճվում էին իրենց ստերում: Մեկ արտգործնախարարը ասում էր՝ լուրջ բանակցություններ ենք վարում, մեկ ասում էին՝ չկա:

-«Ինչ-որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

-Բայց ես հարյուր տոկոս գիտեի, որ կան բանակցություններ, և այդ մասին ես ասել եմ Ղարաբաղի ղեկավարությանը, որ կան բանակցություններ և այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու:

-Խոսքը Արցախի նախկին նախագահի՞ մասին է:

-Խոսքը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին է:

-Նրան տեղյակ չէի՞ ն պահվում բանակցությունների արդյունքների մասին:

-Ոչ: Քանի որ հարցրել եք, պետք է պատասխանեմ. ես նրան ասում էի, որ այսպիսի բան կար, ինքը, այդպես, ոչինչ չէր պատասխանում, այնուհետև հարցնում էր սրանց և սրանք ասում էին` չկա, և քանի որ Բակո Սահակյանը շատ ազնիվ մարդ է, ինձ ասում էր՝ հարյուր տոկոսով չկա:

-Իր իշխանության օրոք Արցախի նախագահը չի՞ իմացել՝ Արցախի հարցով բանակցություն կա՞, թե՞ ոչ:

-Ոչ, չի իմացել: Ոչ միայն չի իմացել, այլ նաև չի հավատացել, որ կա նման բան: Բայց հետո հիշում եք, մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է: Միգուցե էլի ինչ-որ բաներ են եղել, ու որպեսզի այդ փաստաթուղթը ջրեն և ցույց տան, որ գիտեք, թե մենք ինչպիսի բանակ ունենք, այդ ամենը կազմակերպվեց:

Տեսանյութեր

Լրահոս