Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի պատասխանել է «Արցախպրես» գործակալության հարցին։
Հարց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս սոցիալական տարբեր հարթակներում և մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, և այն մասին, որ մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են ռուս խաղաղապահները՝ իբրև թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված։
Պատասխան։ Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։
Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի։