«Արթուր Վանեցյանը ճիշտ դոզայով, ճիշտ ժամանակին տեղեկատվությունը կհրամցնի». Խաչիկ Գալստյան

2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո առաջին անգամ Արցախի խնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ ծավալուն հարցազրույց տվեց Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախկին նախագահը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հանգամանալից ներկայացրեց իր կառավարման տարիների ընթացքում քննարկված բանակցային որոշ դետալներ, խոսեց խնդրի փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունների, ինչպես նաև՝ Հայաստանի առաջ քաշած պայմանների մասին։ Պարզաբանեց նաև մեզ համար արդեն երազանք համարվող Կազանյան փաստաթղթի բովանդակությունը։ Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը որոշ փակագծեր բացեց, թե ի՞նչ և ինչպե՞ս են բանակցել հակառակորդի հետ, և ո՞րն էր այդ բանակցություններում Հայաստանի համար կարմիր գիծը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, անդրադառնալով Երրորդ նախագահի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին, նշեց, որ իր համոզմամբ՝ արված դիտարկումներն ու պարզաբանումները Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ խիստ նպաստավոր են, քար են ծակելու՝ համատարած հիասթափությամբ ապրող հասարակական որոշ շերտերի մոտ ձևավորելով հստակ դիրքորոշում։

«Մեր հասարակությանն այս խորը ճգնաժամից և ապատիայից հանելու տարբերակներից մեկն էլ նախկին պաշտոնյաների նմանատիպ բովանդակային հարցազրույցներն են»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ իր համար, սակայն, այն ինչ-որ տեղ նաև ուշացած էր։

Դիտարկմանը՝ իսկ ե՞րբ է պատրաստվում խոսել նախկին պաշտոնյա, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ներկայում՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որպեսզի նրա խոսքն էլ հետո ուշացած չհամարվի, Խաչիկ Գալստյանն արձագանքեց.

«Իր հրաժարականից հետո Արթուր Վանեցյանը խորքային պարզաբանումներ է տվել ժողովրդին ուշքի բերելու համար՝ ասելով, որ պատերազմի ուրվականը մեր դռան առաջ է չոքել։ Այս ամենն ասվել է բաց տեքստով։ Հրաժարականից հետո որևէ քաղաքական գործիչ այդքան հարցազրույց չի տվել, որքան Արթուր Վանեցյանը։ Պարզապես պետք է նաև հասկանալ, որ նա նաև ինչ-որ առումով կաշկանդված է նախկին աշխատանքով»։

Ճշտող հարցին՝ բայց չէ՞ որ այդ նախկին աշխատանքը չկաշկանդեց նրան՝ ասելու, որ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա, ինչից հարցեր են առաջանում, թե ի՞նչ հիմք ունի ԱԱԾ նախկին տնօրենը Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու համար, Խաչիկ Գալստյանը պատասխանեց.

«Դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Դավաճանություն չէ՞, բա ի՞նչ է հետևողականորեն վերջին 3 տարիների ընթացքում պետականության երակները սնուցող բոլոր կարևոր ինստիտուտների քայքայումը կամ վերջին 2 տարվա ընթացքում ԱԱԾ-ում 5 տնօրենի փոփոխությունը՝ առանց որևէ բացատրության,- ասաց Գալստյանը՝ շարունակելով պարզաբանել,- Արթուր Վանեցյանը՝ որպես 20 տարվա հատուկ ծառայության բարձրաստիճան գեներալ, ճիշտ ժամանակին ճիշտ դոզայով ճիշտ տեղեկատվություն կհրամցնի»։

Մինչև ԱԱԾ նախկին տնօրենը կորոշի ճիշտ դոզան ու կբացի փակագծերը, նրա ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքին։ Ըստ Գալստյանի՝ հանրահավաքային պայքարը շարունակելու են նոր թափով, իսկ ինչ վերաբերում է մարդ-կուսակցությունների և Փաշինյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ցանկությանը, պատասխանեց.

«Այդ մարդ-կուսակցությունների հետ հանդիպումների նպատակը Հայաստանի ներսում հակառուսականության ալիք գեներացնելն ու մեր հասարակությունը ներսից պառակտելն է՝ ընդհուպ երկիրը ներսից տանել քաղաքացիական բախումների և եղբայրասպանության։ Պատերազմի օրերին հակառուսականության որոշակի դադար էր, բայց հիմա այդ ալիքը նկատելի է, և առաջիկայում կարող ենք տեսնել կործանարար բաժանարար գծեր»:

Գալստյանը նշեց, որ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ համարվող այս տարածաշրջանում՝ գործող իշխանությունը Արևմուտք և Ռուսաստան հակամարտության համար Հայաստանը դարձնելու է թատերաբեմ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս