«Իմքայլականները չեն կարող իրենց դավաճանությունը, անգործունեությունը անընդհատ փորձել փաթաթել նախկինների վրա». Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր կրկին Ազատության հրապարակում էր՝ զրուցելու քաղաքացիների հետ:

«Հանրային արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հանրահավաք է լինելու»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց հանդիպման մասնակից, ՀՅԴ ԳՄ Անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հերքեց տեղեկությունները, թե  տարաձայնություններ կան շարժման լիդերների միջև, ապա տեղեկացրեց, որ երեկ շարժման առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցեր:

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ իրենց գործողություններն ինքնանպատակ չեն.  «Մեր գլխավոր նպատակն այս իշխանություններին օր առաջ, րոպե առաջ հեռացնելն է, և մեր բոլոր գործողությունները, այդ թվում՝ նաև այդ հանրահավաքը և դրանից հետո տեղի ունեցող գործողությունները, բխելու են այդ նպատակից»:

Անդրադառնալով Գյումրիում ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղի ունեցած հավաքին՝ ՀՅԴ ԳՄ անդամը նշեց. «Դե, եթե ամբողջ վարչական պետական ռեսուրսով կարողանում են այդքան աջակից գտնել այսօրվա իշխանության համար, նորմալ է: Իմիջիայլոց, տեսեք՝ էն որ ասում են, որ հանրային աջակցություն չկա, ու մենք ունենք, ես առաջարկում եմ՝ թող գործող իշխանությունը փաստի՝ ինքը որքա՞ն աջակիցներ ունի:

2018 թվականին իր հիմնական փաստարկներից մեկն այն է, որ ասում էր՝ լավ, չնայած նրան, որ մի տարի առաջ ընտրություն է եղել, կուսակցությունները քվեներ են ստացել, դուք էսօր չեք կարողանում փաստել, որ այդ մարդիկ դեռ ձեր ընտրողներն են, ու այդ մարդկանց վստահությունն ունեք: Հիմա ես առաջարկում եմ՝ թող Նիկոլ Փաշինյանը վեր կենա փաստի, որ  850 հազար ընտրող ունի, տեսնենք՝ քանի՞ ընտրող ունի»:

Նա վստահեցնում է՝ հասարակական պահանջ կա, և այսօրվա իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա. «Եթե իրենք ասում են՝ չկա, ես էլ ասում եմ, որ էդ դեպքում իրենք իրենց կաշվի վրա կտեսնեն այդ հասարակական պահանջն ու կզգան»:

Լրագրողի դիտարկմանը, թե իմքայլական պատգամավորներն ԱԺ-ում հայտարարել են, որ  նախկին տասը տարիները եղել են հակաղարաբաղյան, քանի որ այդ ընթացքում Արցախում որևէ ներդրում չի եղել, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Այսօրվա իմքայլականները չեն կարող իրենց դավաճանությունը, անգործունեությունը անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա կամ նրա վրա. իրենք են ամբողջապես պատասխանատուն մեր երկրում ստեղծված այս իրավիճակի համար: Իրենք նույնիսկ ասում են՝ այսօր տեսա ինչ-որ գիծ են առաջ hրում, որ նախկինները պայմանավորվել են, մենք եկել-տվել ենք: Այսինքն՝ ձեռ են առնում սրանով մեր ժողովրդին ու հասարակությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս