Բաժիններ՝

Արցախյան երկրորդ պատերազմը տարբեր էր առաջին պատերազմից, վերջինը հրեշություն էր. արցախցի

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված  պատերազմական գործողությունների ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի թվում է նաև Իշխանաձորը:

Շատերը, այդ թվում՝ Սարինե Խաչատրյանի 9 հոգանոց ընտանիքը, ստիպված է եղել թողնել հայրենի հողն ու տեղափոխվել բնակվելու մեկ այլ հայկական բնակավայր՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղ:

«Արցախյան երկրորդ պատերազմը տարբեր էր առաջին պատերազմից, վերջինը  հրեշություն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սարինեն:

Նա պատմեց՝ ապրել են Ազատամարտիկների թաղամասում, ունեցել սեփական տուն, հողամաս, սակայն հիմա ստիպված են վարձով ապրել:

«Ամսական վճարում ենք 30.000 դրամ տան վարձ, օգտվել ենք սոցիալական աջակցության ծրագրերից, սակայն հիմա ամենակարևորն աշխատանքի հարցն է: 9 հոգանոց ընտանիք է, 5 հոգի անչափահաս է, 4-ը դպրոցական են, մեկը  մանկապարտեզ է հաճախում: Տանը ոչ մեկը չի աշխատում: Տղաս վարորդ է, սարքավորումներ որ ունենա՝ կաշխատի մեքենայի շարժիչագործ (մատոռիստ): Շատերին եմ դիմել, որ օգնեն, եռակցման  ապարատ և անհրաժեշտ այլ սարքերի ձեռքբերման համար օգնեն, սակայն, էսօր-էգուց են արել: Աղջիկս էլ վարսահարդարման դասընթացի է մասնակցել, նրան էլ են անհրաժեշտ գործիքներ պետք, որպեսզի սկսի աշխատել»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասաց՝ Արցախ տեղափոխվելու մասին կմտածեն որոշ ժամանակ անց, իսկ ձգձգելու պատճառներից մեկը պատերազմի հետևանքներն են, սթրեսը:

«Մեր փոքր երեխան 2 ամսական է, ծնվել է 6 ամսականում՝ 1 կգ 300 գրամ քաշով: Հարսիկս հղի էր, տղաս պատերազմին էր մասնակցում, վատ բան ասեցին՝ երեխան անհաս ծնվեց»,- հավելեց նա:

Այս պահին ընտանիքին անհրաժեշտ է հագուստ և աշխատանքային գործիքներ, և օգնել հնարավոր է՝ գումար ուղարկելով նշված քարտի համարին, որը աղջկա՝ Մարիամ Խաչատրյանի անունով է. ԱԿԲԱ Բանկ՝ 4355053923894705:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս