Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով: Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման», – ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:
Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է. «Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը: Կառավարությունն ու մեր գերատեսչությունն անում են հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել տնտեսության և առողջապահական համակարգի համար»:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդերլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: