Բաժիններ՝

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում վերջին 8 ամիսներին տիրում է կադրային անարխիա». ՀՀ քաղաքացի Պետրոս Պետրոսյանի նամակը

168.am-ը նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Պետրոս Պետրոսյանից, ով ներկայացրել է, թե ինչ է կատարվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում վերջին 8 ամիսներին:

Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում այդ ՊՈԱԿ-ում տիրում է կադրային անարխիա, քաոսային իրավիճակ:

«Մասնավորապես, նախարար Սուրեն Պապիկյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն և 3 փոխտնօրեններ է նշանակել իր մտերիմներին, որոնք ոչ մի կապ չունեն ճանապարհաշինության հետ, չունեն նշված ոլորտում աշխատանքային փորձ, սակայն ՀՀ համեստ բյուջեից ստանում են շատ բարձր աշխատավարձեր»,- 168.am-ին ուղարկած իր նամակում գրել է Պետրոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ նախարար Պապիկյանի պատմաբան կուրսընկեր, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի՝ անարդար աստղաբաշխական գումարներ ստացող փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը այս 8 ամիսների ընթացքում աշխատանքի է ընդունել նախարարի պատմաբան կուրսընկերներին, կուսակցական յուրայիններին և իր մտերիմներին, ովքեր մասնագետներ չեն և չունեն նշված ոլորտում աշխատանքային փորձ և տարրական գիտելիքներ:

«Պարբերաբար տարբեր անհիմն պատճառներով ազատվելով պրոֆեսիոնալ մասնագետներից՝ ոլորտը յուրայիններով համալրելու նպատակով, պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունելով իրենց մտերիմներին՝ հետագայում նրանց տեղափոխում են հաստիքների վրա: Իսկ 2021թ. փետրվարի 1-ից նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կազմում կատարվեցին անհասկանալի, անհիմն, անարդար կերպով ավելի ուռճացված հաստիքացուցակով կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ստեղծվեցին 3 առանձին դեպարտամենտներ, լրացուցիչ բաժիններ, համակարգողներ, որոնք մինչ այդ փոփոխությունները գոյություն չունեին»,- գրել է քաղաքացին:

Նա նշել էր նաև, որ այդ երեք դեպարտամենտների պետեր են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի երեք փոխտնօրենները, որոնք էլ իրենց հերթին ունեն հաստիքացուցակով նախատեսված՝ յուրաքանչյուրը՝ օգնականի մեկական հաստիք:

«Փաստորեն, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն ունի ճանապարհաշինության հետ կապ չունեցող, բայց նախարար Պապիկյանի կողմից հովանավորչություն ունեցող, անհամարժեք բարձր վարձատրվող գլխավոր տնօրեն և օգնական, 3 դեպարտամենտների պետեր՝ իրենց օգնականներով, որոնք լրացուցիչ բեռ են դնում ՀՀ բյուջեի վրա, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի օպտիմալացնեին բոլոր ՊՈԱԿ-ները, ինչն անտեսվում է վարչապետի ամենամտերիմ պաշտոնյայի կողմից»,- եզրափակել է Պետրոս Պետրոսյանը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս