Բաժիններ՝

ԱՄՆ-ում Կապիտոլիումի իրադարձությունների հետաքննության հանձնաժողով կստեղծեն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անկախ հանձնաժողով կստեղծի հետաքննելու Կապիտոլիումի վրա բողոքի մասնակիցների գրոհի օրը տեղի ունեցած իրադարձություններն ու պատճառները: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է վերին պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Մեր անվտանգությունն ապահովելու համար հաջորդ քայլը լինելու է 9/11 հանձնաժողովի տիպի արտաքին անկախ հանձնաժողովի ստեղծումը՝ «հետաքննելու եւ հաղորդելու համար այն փաստերն ու պատճառները, որոնք վերաբերում են 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի համալիրի վրա ներքին ահաբեկչական գրոհին եւ իշխանության խաղաղ հանձնմանը միջամտելուն»,-ասվում է նրա կայքում զետեղված հայտարարության մեջ:

Մասնավորապես, հետաքննությունը կդիտարկի այն հանգամանքները, որոնք կապված են այդ օրվա իրադարձություններին Կապիտոլիումի ոստիկանության եւ տեղական ու դաշնային, ինչպես նաեւ նահանգների մակարդակով իրավապահների պատրաստականության եւ հակազդման հետ, ասված է փաստաթղթում: Փելոսին նաեւ հայտարարել է Կոնգրեսի անդամների եւ Կապիտոլիումի անվտանգության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու ակներեւ անհրաժեշտության մասին:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս