Սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ. Իշխան Սաղաթելյան
«Սովորաբար այս իշխանությունն ինչ հայտարարում և խոսում է, կյանքը ցույց տվեց, որ դա իրականության հետ առնչություն չունի»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե կառավարությունը հայտարարել էր, որ հանրահավաքին շատ քիչ մարդ էր եկել։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ օր առաջ այս իշխանությանը պետք է հեռացնեն, որպեսզի փրկեն մեր երկիրը։
«Սա սուտասանների, չարիքի կառավարություն է, հետևաբար՝ իրենց ասածներին ուշադրություն դարձնել կամ մեկնաբանել, կարծում եմ՝ անիմաստ է։ Շարժումը շարունակվում է, ամսի 20-ին կլինի մեր գլխավոր հանրահավաքը, դրանից հետո կշարունակվեն բողոքի, անհնազանդության ակցիաները Երևանում և Երևանից դուրս»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին, որ այս ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են ի հայտ գալիս, դրանք ո՛չ հերքվում են, ո՛չ հաստատվում, ի՞նչ է տեղի ունենում Սյունիքում, Սաղաթելյանը պատասխանեց․
«Քանի այս իշխանությունը կա, ամեն առավոտ մենք նոր իրողության առջև ենք կանգնելու։ Դրա ապացույցը վերջին 3 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամ տեսել ենք, հիմա էլ հենց այստեղից ասում եմ՝ առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ։ Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ու ոնց որ ժամանակին ասում էինք՝ Շուռնուխի մասին, Որոտանի մասին։ Հիշո՞ւմ եք, որ ժամանակին ասում էինք՝ Կուբաթլուի ու Զանգելանի դիրքերը հանձնում էին, շատերը չէին հավատում, այսօր փաստ է, չէ՞, ու նաև փաստ է, որ բանավոր պայմանավորվածությամբ հանձնված դիրքերը, պարզվեց, հետո օրինականացրել են ինչ-որ փաստաթղթով։ Այս կառավարությունը վաղուց որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի հետ, ինքն ըստ էության սպասարկում է այլ երկրի շահեր, հակառակ դեպքում այն քայլերն ու գործողությունները, որոնք արվում են, պետք է չլինեին։ Այս կառավարությունը վտանգավոր է մեր երկրի, պետության համար, իրենք պատրաստ են քայլ առ քայլ զիջել մեր հայրենիքի տարբեր հատվածներ․․․»։
Հարցին, թե արդյոք պլան Բ ունե՞ք, Սաղաթելյանը պատասխանեց․
«Պլան Բ էլ ունենք, Գ էլ ունենք, Դ էլ ունենք, հիմա առաջնորդվում ենք պլան Ա-ով՝ համաժողովրդական զանգվածային ճնշման տակ հեռացնել այս իշխանությանը»։
Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց բոլոր քաղաքացիներին, որպեսզի միանան իրենց շարժմանը՝ հեռացնելու ներկայիս իշխանություններին․
«Դուրս եկեք փողոց, միասին, համատեղ ուժերով այս չարիքի կառավարությանը հեռացնենք, ձևավորենք նոր կառավարություն, ով ստեղծված իրավիճակում կկարողանա դիմագրավել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին»։
Մանրամասները՝ տեսանյութում