
Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները

Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են: Քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձևով զգացել են այլ վարչական շրջաններում ևս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում և այլուր: Ըստ քաղաքացիների՝ տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են:
Համացանցում նկարներ են տարածվել նաև, որտեղ երևում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետևանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան:
Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր ևս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել:
Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում ևս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել: