«Շուշիի մշակույթի տանը իրար կողք էինք նստած: Մեկս մեկիս ուժ էինք տալիս». իսկ րոպեներ անց թշնամու արկի պայթյունից Խաչիկ Կարապետյանը զոհվեց…
Խաչիկ Կարապետյանը ծնունդով Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղից էր։ Արմատներով սասունցի էր։ Հայրը՝ Վահան Կարապետյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Մասնակցել է Վարանդայի ու Ջրականի ազատագրական մարտերին, Ասկերանում վիրավորվել էր։
Իսկ 2020-ի սեպտեմբերին Խաչիկ Կարապետյանը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ «Ասում էր՝ մեր ժամանակն է եկել։ Մենք էլ մեր պարտքը պիտի տանք մեր հայրենիքին։ Ճիշտ է, գիտակցում էինք՝ ուր ենք գնում, բայց ուրախությամբ էինք գնում»,-պատմում է ՊՊԾ դասակի հրամանատար Տիգրան Դիլանյանը։
Ոգևորությամբ մեկնեցին Արցախ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը։ Ճանապարհին Խաչիկը շարունակ ոգեշնչում էր ծառայակից ընկերներին։
Հոկտեմբերի 4-ին արդեն Շուշիում էին։
«Շուշիի մշակույթի տանը իրար կողք էինք նստած: Մեկս մեկիս ուժ էինք տալիս, ասում էինք՝ լավ կլինի, վերադառնալու ենք, չենք պարտվելու…»,-հիշում է գործընկերը՝ Հայկ Թադևոսյանը: Իսկ րոպեներ անց թշնամու արկի պայթյունից Խաչիկ Կարապետյանը զոհվեց…
Խաչիկ Կարապետյանը ոստիկանությունում ծառայության էր անցել 2001 թվականին։ Մոտ 20 տարի ծառայել էր Գյումրիում՝ պարեկապահակետային ծառայությունում։ Շարքայինից հասել էր ավագ ենթասպայի կոչման։ Ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակետային դասակի ջոկի հրամանատարն էր։
2019 թվականին ավարտել էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Մասնագիտությամբ իրավաբան էր։ Նպատակադրվել էր սպա դառնալ։
Բոլորն են ասում, որ շատ աշխատասեր էր։ Ծառայության մեջ իրեն դրսևորում էր լավագույնս, իսկ երբ գնում էր տուն, շարունակում էր տան նորոգման աշխատանքները, որպեսզի զավակները բարեկարգ պայմաններում ապրեն:
… Ֆիդայի հոր ոստիկան որդին ունի ժառանգներ՝ Վահանն ու Մարիան, որոնք շարունակելու են պապի ու հոր կիսատ թողած գործը։