«1 րոպե անց» գիրքը մոտիվացված մարդուն կպատրաստի կարևոր որոշումների կայացմանը․ Սամվել Գևորգյան
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանը փետրվարի 11-ին, ժամը 19։00-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «1 րոպե անց» գիրքը։
Գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են առաջ:
«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես կարելի է հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։
«Գիրքը սկսել եմ գրել 2020 թվականի ապրիլին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին, և ամեն ինչ կարծես կանգ էր առել: Միտք առաջացավ, որ Հայաստանում ապրող հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կա բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «1 րոպե անց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես։ «1 րոպե անց»-ն այն գիրքն է, որը մոտիվացված մարդուն կպատրաստի կարևոր որոշումների կայացմանը՝ ցույց տալով 12 տրամաբանական հաջորդականություն, 12 հիմնավոր քայլ»,- մանրամասնում է Սամվել Գևորգյանը:
Շնորհանդեսին գրքի ներկայացմանը և հեղինակի կողմից մակագրմանը զուգահեռ՝ կկազմակերպվեն խաղային հետաքրքիր անակնկալներ։