Ռոբերտ Քոչարյանն է այսուհետև թելադրում օրակարգը, և Փաշինյանն ունի ընդամենը երկու ճանապարհ. Սայաթ Շիրինյան
Փետրվարի 7-ին՝ ոչ աշխատանքային կիրակի օրով, Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստ էր գումարել, որից հետո խմբակցությունը տարածեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մտքից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ, ըստ հայտարարության հեղինակների, Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Փաստորեն, Փաշինյանը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտքից, թեև 2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ավելին՝ սկսել էր քննարկումներ մարդ-կուսակցությունների հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու արմատներին, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը նշեց, որ նման պահվածքի պատճառն օրակարգ թելադրողի փոփոխությունն է։
«Քաղաքական օրակարգը փոխեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հայտարարությունով։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ հենարան չունեն, նրանք սարսափի և վախի մեջ են, հետևաբար՝ պետք է այդ արտահերթ ընտրություններից հրաժարվեին՝ իրենց ապաշնորհությունը քողարկելով հասարակական պահանջի բացակայության քողի ներքո, թեև հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են արել, այդ պահանջն ինչպե՞ս են պարզել»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտում է Փաշինյանի՝ բացառապես Ռոբերտ Քոչարյանից վախենալու պատճառը։
«Պատճառն այն է, որ Փաշինյանին օժանդակել և օգնել են գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն ու սուբյեկտները, բացի Ռոբերտ Քոչարյանից»,- ասաց նա։
Պահեստազորի գնդապետի խոսքով՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, և նա վաղ թե ուշ գնալու է, սակայն իր համար ակնհայտ է՝ նախքան հեռանալը նա երկիրը տանելու է քաղաքացիական բախումների։
«Փաշինյանն ունի երկու ճանապարհ. կա՛մ երկիրը տանելու է բախումների, որի արդյունքում իր համար անհրաժեշտ պահին ճողոպրելու է՝ իր թիմակիցներին թողնելով վնգստալով, կա՛մ, հասկանալով, որ այլ ելք չունի, ուղղակի հեռանալու է,- ասաց նա՝ հավելելով,- Երկրում օրակարգն այլևս Նիկոլ Փաշինյանը չի ձևավորում. հիմա օրակարգ թելադրում է Ռոբերտ Քոչարյանը»։
Սայաթ Շիրինյանը նաև վստահեցրեց՝ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նոր թափով է սկսելու իր անհնազանդության ակցիաները, և արդյունքում՝ հանրային ճնշումն իշխանությունների վրա ավելի է մեծացնելու։
Այդ դեպքում ի՞նչ պետք է սպասել խորհրդարանական ընդդիմադիր ուժերից՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, որը չմիացավ 17 կուսակցություններին, Շիրինյանը նկատեց, որ այդ խմբակցությունը չակերտավոր ընդդիմություն է և խորհրդարանում հայտնվելու համար պետք է շնորհակալ լինի «Իմ քայլին», որ նրանց 18 մանդատով խորհրդարանում հայտնվելու հնարավորություն տվեց։
«Բայց հիմա Էդմոն Մարուքյանը ծոծրակը կտեսնի, վարչապետի պաշտոնը չի տեսնի։ Մարուքյանը, առհասարակ, իշխանություն չի տեսնի։ Ես վստահ եմ՝ հաջորդ ընտրություններին այլևս խորհրդարանում չի էլ հայտնվելու. կարծում եմ՝ պետք է Փաշինյանին հարցնել, թե իր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ է ուզում, որովհետև ես չգիտեմ, թե ի՞նչ են ուզում»,- ասաց նա։
Խոսելով Արցախի պարտության վերաբերյալ՝ բանակից, հրամկազմից ու գեներալիտետից հանրության սպասումների մասին՝ Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ որևէ սպասում պետք չէ նրանցից ունենալ, որովհետև մենք, ցավոք սրտի, չունեցանք զինվորական էլիտա։
«Մենք այդպիսի խավ չունեցանք, այն չի ձևավորվել, և հիմա տեսեք՝ մի քանի անգամ ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և այլ պաշտոնյաների փոփոխություն ունեցանք. գտան այն բարոյալքվածներին, որոնք կարող են ենթարկվել Փաշինյանին։ Օրինակ՝ Ջալալ Հարությունյանը պարտավոր էր խոսել, նա այն Պաշտպանության բանակի հրամանատարն էր, որը պետք է ասի, թե Աննա Հակոբյանն ի՞նչ բարոյական աջակցություն է ցուցաբերել բունկերում, բայց չեն խոսում, որովհետև նաև իրենց ապաշնորհության պատճառով է, որ մենք այսքան զոհ ունեցանք։ Մեր երեխաները կոտորվում էին, նրանք միջոցներ ձեռք չէին առնում Փաշինյանին մեկուսացնելու և պատերազմական ողջ գործողություններն իրենց ձեռքը վերցնելու համար, և հիմա պարտված բանակի հրամանատարը դարձավ գեներալ-լեյտենանտ։ Այս կոչումները նրանց բերանները փակելու համար են։ Հանցավոր խումբ են. Փաշինյանը մենակ չէր կարող այս ամենն անել, ու պատահական չէ, որ հայտարարում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ոչ թիվ մեկ մեղավորը. դրանով Փաշինյանը հենց նրանց ասում է՝ դուք կաք այս շղթայի մեջ, եթե իմ գլուխը թռցնեն, ձեր անունները տալու եմ»,- ասաց Սայաթ Շիրինյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում