Իրանում ՌԴ-ի դեսպանը պատմել է Ռուսաստանի ռազմական արտադրանքի նկատմամբ Թեհրանի հետաքրքրության մասին
Մոսկվան Թեհրանից դիմում է ստանում ռուսաստանյան ռազմական արտադրանքի վերաբերյալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը:
«Անկասկած, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Իրանի նկատմամբ հայտնի սահմանափակումների գործողության ավարտվելը թույլ է տալիս կառուցողական երկխոսություն վարել եւ դիտարկել իրանական կողմից ստացվող դիմումները Ռուսաստանում արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի ամբողջ անվանացուցակի վերաբերյալ»,-ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական ոլորտում նախագծերի իրագործման դրական փորձը լավատեսություն է ներշնչում հետագայում նմանօրինակ համագործակցության իրականացման հարցում:
Ջագարյանը նաեւ ընդգծել է, որ Թեհրանի հետ փոխգործակցության հարցերում Մոսկվան որոշում է ընդունելու իր շահերին համապատասխան: 2020 թվականի հոկտեմբերի 18-ից Թեհրանը հնարավորություն է ստացել սպառազինություն վաճառել եւ գնել, դրանից առաջ գործում էր Իրան սպառազինությունների մատակարարման թույլատրական կարգը, որը կարգորոշված էր միջուկային գործարքով: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը մեծ մասամբ վաճառելու է ռազմական նշանակության արտադրանք, այլ ոչ թե գնելու է այն:
Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ Իսլամական Հանրապետությունն իր սեփական արտադրության հաշվին 90 տոկոսով ապահովում է երկրի պաշտպանական կարիքները եւ կախված չէ արտասահմանից: