Պետք է ժամանակավոր կառավարություն լինի, որն արագորեն պետք է վերակազմակերպի բանակը. Զարուհի Փոստանջյան

«Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու որոշմանը քննադատաբար եմ վերաբերվում, որովհետև Ջալալ Հարությունյանն այն անձն է, ում կողմից ղեկավարվող բանակը պարտվել է, ունենք հայրենի հողի ահռելի կորուստ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Եթե ինքը մեղքի բաժին չուներ այդ ամենի մեջ, ապա ապաքինվելուց հետո պետք է անմիջապես հայտարարություններով հանդես գար, հարցազրույց տար: Նա պետք է խոսեր: Բանակը պարտվել է, որովհետև տեղի է ունեցել դավաճանություն»:

Խոսելով արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց.

«Սա խաղ է, հետևաբար՝ պետք է հասկանանք՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում չի գործում ազգային իշխանություն, մենք չունենք ազգային կառավարություն, ընդհանրապես չունենք կառավարություն, որն ի զորու է բազմաթիվ հարցերին, ապագա սպասվող թուրքական հարձակմանը պատասխան տրամադրել: Հետևաբար, պետք է ժամանակավոր կառավարություն լինի, որն արագորեն պետք է վերակազմակերպի բանակը: Եթե չկա Արցախի բանակ, ապա չկա հայկական զինված ուժեր»:

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին՝ բանախոսը նկատեց. «Քաղաքացիները հստակ պետք է պատկերացում ունենան. Նիկոլն ինչքան մնա իշխանության, նոր գերիներ են լինելու, հետևաբար՝ մինչև չփոխենք մեր քաղաքականությունը, որը չեզոք է, անտերուդուրս և ոչ մի գործնական քայլով, այլ քաղաքականություն, որը լինելու է հարձակողական: Եթե մենք չվերցնենք ադրբեջանցի 10 գերի, մեզ ոչ մի գերի հետ չեն տալու: Եթե մեր բանակը չվերազինենք՝ իմացեք, որ հաջորդը Սյունիքն են գրավելու: Կարսում հենց այնպես չեն զորավարժությունները: Հիմա զուգահեռ մենք զորավարժություն անցկացնո՞ւմ ենք: Կողմ եմ, որպեսզի գործող իշխանությունը ճանապարհենք դեպի քրեակատարողական հիմնարկներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս