ՄԱԿ-ում հայտարարել են աշխարհում պարենամթերքի գների ռեկորդային աճի մասին

Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի: Այդ մասին վկայում է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի տեղեկագիրը:

FAO-ն գրանցում է բոլոր կատեգորիաների ապրանքների արժեքի աճ. առավել նկատելին շաքարի, հացաբույսերի եւ բուսայուղերի գներն են: Այսպես, շաքարի գների ինդեքսը բարձրացել է 7 կետով (8,1 տոկոս)՝ մինչեւ 94,2 կետ: Գների աճը բացատրվում է ԵՄ-ում, ՌԴ-ում եւ Թաիլանդում բերքի տեսակների առաջարկի նվազմամբ եւ Հարավային Ամերիկայում չորային եղանակով, ինչպես նաեւ վերջերս նավթի թանկացմամբ եւ դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի ամրապնդմամբ. Բրազիլիան շաքարի՝ աշխարհում խոշորագույն արտահանողն է: Հունվարին հացաբույսերի գների ինդեքսն ամսական արտահայտությամբ բարձրացել է 8,3 կետով կամ 7,1 տոկոսով՝ մինչեւ 124,2 կետ:

Նշվում է եգիպտացորենի համաշխարհային գների կտրուկ աճ՝ առաջարկի ընդհանուր նվազման, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում չորային եղանակի պատճառով: Ինչպես նշում  է FAO-ն, թանկացել է նաեւ ցորենը, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքների ծավալների սպասվող կրճատման պատճառով, որտեղ 2021 թվականի մարտից ցորենի արտահանման մաքսերը կավելանան կրկնակի»:

Բուսայուղերի գների ինդեքսը դեկտեմբերի դրությամբ բարձրացել է 7,7 կետով (5,8 տոկոս) եւ կազմել 138,8 կետ. դա ամենաբարձր մակարդակն է 2012 թվականի մայիսից ի վեր: Ինդեքսն աճել է ութերորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված արմավենու, սոյայի եւ արեւածաղկի ձեթերի թանկացմամբ, ասվում է տեղեկագրում: Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին աճել է 1,7 կետով (1,6 տոկոս)՝ մինչեւ 111 կետ: Թանկացել է սերուցքային կարագը եւ անարատ կաթի փոշին՝ Չինաստանում լուսնային Ամանորի տոնակատարությունից առաջ մեծ գնումների եւ Նոր Զելանդիայից մատակարարումների սեզոնային նվազման հետեւանքով: FAO-ի գների ինդեքսը մսի համար կազմել է 96 կետ (աճը՝ 0,9 կետ կամ 1 տոկոսով), ցուցանիշն աճում է չորրորդ ամիսն անընդմեջ:

Կազմակերպությունը նշում է մսի բոլոր տեսակների գների աճ, ամենից շատ՝ թռչնամսի, հատկապես Բրազիլիայում` ակտիվ պահանջարկի եւ Եվրոպայի երկրներից արտահանման սահմանափակման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս