Շուշիում վիրավորված ԱԻՆ աշխատակցի ընտանիքն օգնության կարիք ունի

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում թշնամին մի շարք շրջանների հետ միասին օկուպացրեց նաև Շուշիի շրջանի  Քարին տակ գյուղը:

Գյուղի բնակիչներից  Քնարի 9  հոգանոց ընտանիքն այս պահին բնակվում է Արարատի մարզի Բյուրավան գյուղում, ունի սննդի, հագուստի, գումարի կարիք:

«Եղբայրս  հոկտեմբերի 28-ին վիրավորվել է Շուշիում: ԱԻՆ-ի աշխատող էր,  վիրավորներին հանելիս ինքն էլ է վիրավորվել թոքի հատվածում:  Երկու անգամ վիրահատվել է: Հիվանդանոցում բոլոր ծախսերը հոգացել է պետությունը, բայց հիմա դեղերը մենք ենք գնում: Հնարավորություն այդքան չունենք, մի քիչ վատ պայմաններում ենք ապրում, այստեղ էլ տան վարձը 70.000 դրամ է, չհաշված՝ կոմունալ ծառայությունների գումարը: Տանը կան նաև անչափահաս երեխաները, մեկը վիրավոր եղբորս որդին է՝ 6 ամսական, մյուսն էլ փոքր եղբայրս է՝ 11 տարեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քնարը:

Նա նշեց, որ օգտվել են սոցիալական աջակցության ծրագրից, 300.000-ական դրամը ստացել, վճարել են տան վարձը, կոմունալները:

Ամիսը երկու անգամ համայնքապետարանը սնունդ է հատկացնում՝ վերմիշել, հնդկաձավար և այլն:

Նրանք այստեղ նաև աշխատանք են փնտրում: «Հայրս քոլեջում տնտեսվար էր աշխատում, մայրս էլ՝ փոստում: Ես դեռ ուսանող եմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Քնարի փոխանցմամբ՝ ինչպես շատերը, այնպես էլ իրենք կարծել են, թե պատերազմը շուտ կավարտվի, իրենք կկարողանան վերադառնալ տուն, սակայն, ցավոք, այդպես չի եղել:

«Ոչ մի բան չենք հանել տնից, մի տունը Շուշիում է եղել, մյուսը՝ Քարին տակում: Ոչ մի բան չենք վերցրել, մտածում էինք՝ 2-3 օր է տևելու, էլի հետ ենք գնալու»,- ասաց նա:

Ընտանիքին այս պահին անհրաժեշտ է  հագուստ, սնունդ, գումար՝ տան վարձի համար:

Օգնել հնարավոր է՝ գումար ուղարկելով հետևյալ քարտի համարին. «Արցախբանկ» 6770690020056274, որը Շողիկ Բաղրյանի անունով է:

Տեսանյութեր

Լրահոս