Նախորդ 2.5 տարում երկրում, ՍԴ–ի շուրջ տեղի ունեցածն ապացուցեցին՝ իմաստազուրկ են ինստիտուցիոնալ բարեփոխումները, եթե իրացնողները չունեն սեփական առաքելության գիտակցում և սկզբունքայնություն․ Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Tert.am–ը ներկայացնում է Թովմասյանի ուղերձը, որում ասվում է․
«Այսօր Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակն է։ Ակնհայտ է, որ այս օրերին այն անցնելու է աննկատ։ Չեն լինելու շնորհավորանքներ, միջոցառումներ, պարգևատրումներ և դա բնական է։
Եթե շնորհավորանքս կառուցեի այնպես, ինչպես ընդունված է սովորական պայմաններում, ապա կխոսեի Սահմանադրական դատարանի հիմնադրման, նրա գործառույթների, գործունեության էվոլյուցիայի, դերի, կարևորության և այլնի մասին։
Սակայն արցախյան երրորդ պատերազմի արդյունքում ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդող երկու տարվա ընթացքում մեր երկրում ու Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները եկան ապացուցելու, որ իմաստազուրկ են ինստիտուցիոնալ բարեփոխումները, եթե այն իրացնողները չունեն սեփական առաքելության գիտակցում և սկզբունքայնություն։
Ուստի, այս անգամ շեշտադրումներս կլինեն մի փոքր այլ։ Գաղտնիք չեմ բացի, ասելով, որ իշխանության երեք ճյուղերից դատականն ունի ընդգծված առանձնահատկություններ։ Կա գնահատական, որ նա ամենաթույլն է։ Չեմ կարող պնդել, որ այն շատ «անվնաս» է։ Իսկ Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը՝ կախված լիազորությունների ծավալից և բնույթից, կարող է լինել «վտանգավոր», ընդ որում՝ բառի և դրական, և բացասական իմաստով։ Նշվածը փոխկապակցված է տարբեր սահմանադրական և ոչ սահմանադրական գործոնների հետ և առավել ցայտուն կարող է դրսևորվել «արտակարգ» իրավիճակների ժամանակ, առավել ևս, երբ իշխում է հակասահմանադրական տիրույթում գործելու գայթակղություն և թողտվություն։
Նախորդող երկուս ու կես տարիները՝ բարեբախտաբար կամ դժբախտաբար, եկան ապացուցելու նշված դիտարկման իրավացիությունը, երբ նույնիսկ ծանր ժամանակներում նշված ատյանի «վտանգը» դրսևորվեց, օրինակ, ոչ թե իշխանության մյուս ճյուղերի հետ «միաձուլմամբ», այլ Սահմանադրության գերակայությունն արդյունավետորեն ապահովելով։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի այն գործընկերներիս հետ միասին, ովքեր հավատարիմ դատավորի երդմանը դրսևորեցին սկզբունքայնություն, կայացրեցինք տարիներով կուտակված խնդիրներ լուծող, իրավական համակարգում կարևորագույն և ուղենիշային որոշումներ։
Ամփոփելով ասվածը՝ այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս, շնորհակալություն հայտնել սահմանադրական արդարադատության ոլորտում ներդրում ունեցող անձանց՝ Սահմանադրական դատարանում պաշտոնավարած բոլոր անդամներին, սահմանադրական դատարանի նվիրյալ աշխատակիցներին, սահմանադրական արդարադատության գործող համակարգը ներդրած մարդկանց և հույս հայտնել, որ դատավորի բարձր առաքելությունը գիտակցող և սկզբունքային դատավորների առկայությամբ նշված ոլորտում կունենանք նոր ձեռքբերումներ, կգիտակցենք, որ օրենսդրության կատարելագործմանը նպաստելով, քաղաքական նկատառումներից բխող գործադիրի քաղաքականությունը անհիմն կերպով սահմանադրական կնիքով չլեգիտիմացնելով՝ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը չի դառնում օրենսդիր կամ գործադիր իշխանության մրցակիցը, այլ՝ Սահմանադրության գերակայության և պետության կառավարման սահմանադրական հավասարակշռության երաշխավորը»։