Բաժիններ՝

Pfizer-ը հետ է կանչել Հնդկաստանում պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը

Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը։

Pfizer-ն առաջիններից մեկն է, որը Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչից թույլտվություն է խնդրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման համար այն բանից հետո, երբ նման թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում եւ Բահրեյնում: «COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվությանը համապատասխան, Pfizer-ը փետրվարի 3-ին մասնակցել է Հնդկաստանի դեղամիջոցների կարգավորման վարչության առարկայական փորձագիտական կոմիտեի նիստին:

Հիմնվելով այդ նիստում քննարկումների եւ լրացուցիչ տեղեկատվության մեր ըմբռնման վրա, որը կարող է պիտանի լինել կարգավորիչին, ընկերությունը որոշել է հետ կանչել իր հայտը»,-ընկերության մամուլի քարտուղարի հայտարարությունը մեջբերում է NDTV հեռուստաալիքը: Հայտարարության մեջ նշվում է, որ Pfizer-ը կշարունակի փոխգործակցությունը երկրի իշխանությունների հետ եւ կրկնակի խնդրանք կուղարկի իր պատվաստանյութի հավանության համար, կցելով լրացուցիչ տեղեկատվություն, որը հասանելի կլինի առաջիկայում: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները թույլատրել էին կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի՝ Covieshield անվանումը կրող «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակի եւ հայրենական Covaxin-ի շտապ կիրառումը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել է առողջապահության առաջին փոխնախարար Ռաջեշ Բհուշանը, շուտով երկրի իշխանությունները կարող են քննարկել եւս չորս պատվաստանյութերի, այդ թվում՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ի, կիրառման հարցը: Բհուշանը հիշեցրել է, որ Zydus Cadila եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութերը Հնդկաստանում անցնում են թեստավորման երրորդ փուլը: Biological E եւ Gennova պատվաստանյութերի փորձարկումները գտնվում են առաջին փուլում, սպասվում է, որ դրանց արտադրողները փորձարկումների երկրորդ փուլին ձեռնամուխ կլինեն մարտին: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի 10,8 միլիոն դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 10,4 միլիոն մարդ, բուժումը շարունակում է շուրջ 151 հազար հոգի, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 154 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս