Բաժիններ՝

Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: «ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Այդ շրջանակներում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով:

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ լամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով վերազինելը։

Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառապետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ 09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու, թե արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞ ոչ։

Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում: Վերինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը:

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը, բնության վերականգնման տրամաբանությունից բխող՝ վնասի հաշվարկման նոր մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս