Բաժիններ՝

«Եկեսցէ արքայություն քո…»

Տերունական աղոթքում նախքան մեր նյութական, անձնական խնդրանքները՝ Տիրոջ թագավորության հասատման մասին ենք խնդրում՝«Եկեսցէ արքայություն քո»: Տարբեր են Աստծո արքայության մասին պատկերացումները, քանի որ յուրաքանչյուրն ունի սեփական ըմբռնումն առհասարակ թագավորություն հասկացության մասին: Երկրային կյանքում գոյություն ունեցող թագավորությունները, օրինակ, ունեն հստակ հատկանիշներ՝ տարածք, բնակչություն, օրենքներ, հաստատվելու և քանդվելու ժամանակահատված…

Իսկ ի՞նչ հատկանիշներ ունի Աստծո թագավորությունը: Այն չունի տարածություն և ժամանակ՝ վեր է տարածությունից և ժամանակից: Աստծո արքայությունը արտաքին դրսևորում չունի, ինչպես երկրային թագավորությունները:

Այն ներքին գիտակցում, զգացում է: Սուրբ Գրիգոր Տաթևացին Աստծո արքայության մասին ասում է հետևյալը, թե. «Աստծո Արքայություն է կոչվում մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Որդին վերին Արքայի, քանզի Սուրբ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3.2), այսինքն՝ Աստծո Որդին: Նա ծածկված է մարմնի ագարակում՝ անհավատների և հեթանոսների համար մնալով անճանաչելի և անհայտ: Եվ Արքայություն է կոչվում, որովհետև Նրա հետ թագավորելու ենք երկնքում՝ ըստ առաքյալի խոսքի. «Եթե համբերենք, Նրա հետ էլ պիտի թագավորենք» (Բ Տիմ. 2.12) »:

Ինչպես արդեն նշեցինք, Աստծո արքայությունը հավերժ ու անսահման է՝ վեր երկրային կյանքում գործող օրենքներից: Սուրբ Գրքում էլ Աստծո արքայության մասին գրված է. «Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներ 14:17): Այս ասելով՝ նկատի է առնվում, որ Աստծո արքայությունը եզրեր չունի նյութական արժեքների հետ, այլ ամբողջությամբ աննյութական է՝ նյութական ամեն բարիքներից վեր: Ուստի՝ Աստծո հաստատած թագավորության փնտրտուքներում պիտի մեր աչքերը վեր բարձրացնենք երկրային արժեքներից և փորձենք գտնել այն ավելի վեր՝ իրական, մաքրամաքուր ու կատարյալ արժեքների շարքում:

Մեր աղոթքներում Աստծո արքայության գալստյան խնդրանքը նշանն է մեր իսկ կյանքում Աստծո ներկայության: Աստծո արքայության հաստատման խնդրանքը մեզ վեր է հանում մեր իսկ անձերից՝ նախ դարձնելով Քրիստոսի Եկեղեցու մի մասը, ապա նաև տանելով դեպի համամարդկային խնդրանքի. չէ՞ որ Աստծո արքայությունը ամենքի համար է: Եվ Աստծո արքայությունում է, որ լիարժեք պիտի լինենք՝ խաղաղության, արդարության ու խնդության մեջ պահելով մեր հոգիները՝ հեռու անարդար ու կեղտոտ բարքերից, մեղսավոր կյանքից: Ուստի՝ աղոթքի կանգնելիս խնդրենք նաև Աստծո արքայության հաստատումը՝ ունենալով մեր մեջ այդ աննյութական արքայության փնտրտուքները:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս