Վահան Բադասյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. ներկայացվել է վերաքննիչ բողոք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկել են, և այս պահին բողոքը վերաքննիչ դատարանում է։

Ինչ վերաբերում է Վ. Բադասյանի առողջական վիճակին և հարցին՝ նրան բժշկական օգնություն ցուցաբերվո՞ւմ է, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Պարոն Բադասյանը գանգատներ չի ներկայացնում, ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Տեղի բժիշկն ամեն օր նրան զննում է, որքանով հնարավոր է, նվազագույն բաներն ապահովում են։ Բացի այդ զննությունից, նա պարբերաբար այցելում էր բժշկի։ Միայն միջամտության կարիք եղել է առաջին օրը, երբ պարոն Բադասյանի ճնշումը շատ էր բարձրացել, շտապօգնություն կանչեցինք»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ տեսակցությունների, հեռախոսազանգերի արգելք կա՞, փաստաբանը պատասխանեց, որ քննիչը նման որոշում չի կայացրել, համավարակով պայմանավորված՝ տեսակցություններ չկան, իսկ հեռախոսազանգերի հետ կապված որևէ արգելք չկա։

«Պարոն Բադասյանը շարունակում է պնդել, որ այս ամենն իր նկատմամբ քաղաքական հետապնդման ենթատեքստ ունի»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728