ԱՄՆ-ը հերքել է Թուրքիայի մեղադրանքները հեղաշրջման փորձին մասնակցության մեջ
ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության մեջ եւ կարծում է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը ոչ մի ձեւով մասնակից չի եղել 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին եւ անհապաղ դատապարտել է այդ փորձը: Հակառակի մասին վերջերս արված պնդումները, որոնք արվել են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կատարյալ սուտ են»,-հայտարարել է Փրայսը:
«Այդ հայտարարությունները եւ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների համար ԱՄՆ-ի պատասխանատվության մասին մյուս չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,-հավելել է Նեդ Փրայսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: