«Ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված». Ներքին Խնձորեսկի գյուղապետ
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի ղեկավար Երվանդ Մալունցի խոսքով՝ նորություն չէ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում են և GPS-ով են սահմանները որոշում։
«Իբր թե ո՞վ տեղյակ չէ, որ GPS-ով են սահմանները որոշում, ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված։ Մեր գյուղն առանց դրա էլ հայտնվել է վատ վիճակի մեջ, սահմանին մոտ է։ Մնացած իրավիճակի հետ կապված, խնդրում եմ, եկեք գյուղ, սեփական աչքով տեսեք, խոսեք բնակիչների հետ, սահմանը տեսեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում, այդ թվում՝ Ներքին Խնձորեսկում, բոլորն էլ տեղյակ են։
«Բոլորն էլ այդ ամենից տեղյակ են, առաջին օրը չէ, որ այս իրավիճակն է, արդեն քանի ամիս է՝ սա նորություն չէ։ Ես նորից եմ ասում՝ հեռախոսով շատ բան չեմ ասի, ուղղակի եկեք գյուղ ու պատկերացում կազմեք, թե ինչ վիճակ է։ Գիտեք, մի բան ասում եմ, բայց չեք պատկերացնում իրականությունը, եկեք՝ տեղում ծանոթացեք, պարոն Մալունցն էլ, բնակիչներն էլ կխոսեն, սահմանն ու թուրքն էլ՝ աչքի դեմը»,- եզրափակեց Երվանդ Մալունցը և այլ հարցերի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ տելեգրամյան տարբեր ալիքներ գրում են, որ ադրբեջանցիներն այս անգամ էլ գնացել են Ներքին Խնձորեսկ՝ GPS-ով ու քարտեզներով սահմանները ճշտելու համար։