Նիկարագուան Ռուսաստանի հետ բանակցություններ կվարի «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման շուրջ
Նիկարագուայի իշխանությունները «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը թույլտրելուց հետո ռուսական կողմի հետ բանակցություններ են վարում առաջիկայում պատրաստուկի մատակարարումն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն։
«Մենք առաջ ենք շարժվում Ռուսաստանի Դաշնության հետ, համապատասխան հաստատությունների հետ բանակցություններում՝ առաջիկայում (պատվաստանյութի) մատակարարումները երաշխավորելու համար»,-հայտարարել է Մուրիլիոն՝ հանդես գալով Canal 4 տեղեկան հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ ռուսաստանյան պատվաստանյութն արձանագրել է բարձր արդյունավետություն եւ «լինելու է Նիկարագուայի ընտանիքների առողջությանն ու կյանքին նպաստող հզոր գործիք»:
Նախօրյակին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտարարել է, որ Նիկարագուայի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը: Այս երկիրը դարձել է աշխարհի 18-րդ պետությունը, որը հավանություն է տվել պատրաստուկի կիրառմանը: Ավելի վաղ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը հավանություն են տվել Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Իրանում, Սերբիայում, Թունիսում, Հայաստանում, Գվինեայի Հանրապետությունում: Նախաձեռնված է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում եւ ԱՀԿ-ում:
Lancet գիտական հանդեսը փետրվարի 2-ին հրապարակել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արձանագրել է արդյունավետության, իմունոգենության եւ անվտանգության բարձր ցուցանիշներ. պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս: Այն լիակատար պաշտպանություն է ապահովում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության ծանր դեպքերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: