Հայաստանի ղեկավարը պետք է ծառայած լինի բանակում, կրի զինվորական հագուստ. Աննա Մայիլյան
«Տեղի ունեցավ այն, ինչին երևի թե չէինք սպասում». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2020թ․ սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: Նրա պնդմամբ՝ պատերազմի սպասում էինք, սակայն այսքան մեծ աղետի՝ ոչ, քանի որ գիտեինք՝ մեր բանակը հզոր է:
«Մեր զինվորն իր հերոսական մարտով, այնուամենայնիվ, կարողացավ կանգնեցնել թշնամուն: Թշնամին, երևի, կարծում էր, որ երկու-երեք օրվա մեջ պետք է պաշարեր ամեն ինչ և նույնիսկ Հայաստանը գրավեր, բայց դա չհաջողվեց, դժվարություններ ստեղծվեցին իրենց համար՝ մեր տղաների հերոսական պայքարով»,- ասաց Մայիլյանը:
Նա հիշեցրեց, թե ինչպես պատերազմի առաջին օրերից սկսած ամբողջ ազգը ոտքի էր կանգնել և մեկ բռունցք դարձած պայքարում էր, սակայն ունենք այն, ինչ ունենք: Աննա Մայիլյանը հավատում է, որ ամեն ինչ այսպես չի մնալու: Արտիստի կարծիքով՝ Հայաստանի ղեկավար պետք է դառնա միայն բանակում ծառայած մարդը:
«Հայաստանի ղեկավարը պետք է կրի զինվորական հագուստ ու չհանի այդ հագուստը, պետք է անպայման, եթե անգամ չի ծառայել բանակում, ապա պետք է այդ ռազմական ճանապարհն անցնի, նոր գա, դառնա երկրի ղեկավար: Երկրորդ քայլը, որ պետք է անի մարդը երկրի ղեկավար դառնալուց հետո՝ մոնիտորինգ անել, թե ի՞նչ ունի զինվորական պահեստներում, ընդհանրապես ինչ վերաբերում է բանակին, ես ինչ ունեմ, շատ արագ պետք է դա արվի: Եթե կա պատերազմի վտանգ, ապա պետք է հաշվարկի՝ կարո՞ղ է այս պատերազմում ինչ-որ բան անել, եթե չի կարող, ապա պետք է դիվանագիտական դաշտում քայլեր անել»,- ասաց Մայիլյանը:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի պնդմանը, թե կարևոր չէ՝ ում տարածքն է Արցախը, Նիկոլ Փաշինյանի կասկածելի հարցին, թե «90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է»՝ Աննա Մայիլյանն ասաց, որ իր համար անհասկանալի են այս ելույթները:
«Ինչպե՞ս կարելի է ջնջել մեր պատմական հիշողությունը, չի կարելի նման բան անել, դա հիմնականում մեր մշակույթն է, եթե դուք ջնջում եք այս հիշողությունը, դա առաջին հերթին մշակութային հիշողության ջնջում է նշանակում»,- ասաց Մայիլյանը:
Արտիստի կարծիքով՝ մարդիկ մեծ խմբերով փողոց դուրս չեն գալիս, քանի որ սպառել են իրենց էներգիան 2018-ին: Մայիլյանն էլ հույս է ունեցել, որ մշակութային առումով լուսավոր ապագա կունենանք: Լրագրողի հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիպել էր արվեստագետների հետ, արդյո՞ք դրանից հետո նրանք չէին հասկացել, թե ում հետ գործ ունեն, Մայիլյանը պատասխանեց, որ ինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել, հրավիրյալների ցուցակում չի եղել:
«Այնտեղ մի միտք հնչեց՝ «սա երա՞զ է, թե՞ իրականություն, հիմա նույն բանը ես եմ ուզում հարցնել՝ «սա վատ երա՞զ է, թե՞ իրականություն»: Կան արվեստագետներ, որոնք ստիպված են միշտ ճկուն լինելու՝ բոլոր կառավարությունների ժամանակ, դա իրենց առողջության պահպանման համար է, իրենց գործի համար է»,- ասաց Մայիլյանը և ավելացրեց, որ ինքը որևէ մեկին չի մեղադրում:
Արտիստի խոսքով՝ երկրի ղեկավարը չի կարող ամեն ինչից հասկանալ, այդ պատճառով պետք է իր կողքին պահի գիտակ մարդկանց:
«Եթե մարդն ասում է, որ ամեն ինչից հասկանում է՝ դա քաղաքական էգոիզմ է, մարդկային ամբիցիաներ»,- ասաց Մայիլյանը:
Արտիստին սարսափեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչ 0-ից սկսելու միտքը: Աննա Մայիլյանը անդրադարձավ նաև իր մասնագիտական գործունեությանը, նշեց, որ, իհարկե, փոփոխություններ եղել են, բայց շարունակում է աշխատել:
«Ես իրավունք չունեմ չաշխատել, քանի որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ հայ ազգային երաժշտությանը՝ մի կողմ դնելով ակադեմիկ կրթությունը, օպերա և այլն։ 25 տարվա մեջ չեմ մտածում եվրոպական երաժշտություն երգելու մասին, երգում եմ, անշուշտ, գեղեցիկ գերմանական երաժշտություն կա, դա իմ մասնագիտությունն է, պետք է կատարեմ, բայց հիմնական իմ մասնագիտական ոլորտը հայ ազգային երաժշտությունն է, մանկուց այնքան լցված եմ հայրենասիրությամբ, գենետիկ հիշողությամբ երևի փոխանցվել է»,- ասաց Աննա Մայիլյանը։
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս պետք է արվեստագետները դուրս գան այս շոկից, քանի որ արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս երգել ազգային երգեր, նա պատասխանեց.
«Մենք կանենք ամեն ինչ, որ այդ շոկը դուրս գա, 100 տոկոս համոզված եղեք։ Մի խումբ մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են ազգային երաժշտությանը, երբեք չեն կարող դադարել դա կատարել։ Այլ հարց է, որ պետականորեն ոչ մի աջակցություն չկա և չի եղել»: Աննա Մայիլյանն ավելացրեց, որ Մշակույթի նախարարության փակումը վատ անդրադարձավ մշակույթի վրա:
Արտիստը ներկայացրեց, որ Արցախ մեկնելու մենահամերգային ծրագիր ունեն, որը դեռ քննարկման փուլում է: