«Ինձ վերագրվել են խոսքեր, որոնք անհնար է, որ ես ասած լինեի». Անուշ Բեղլոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ օրերս թուրքերի և ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ ինքը չի ասել, թե կարևոր չէ՝ ում տարածքն է Արցախը, կարևոր չէ, ով է սկսել պատերազմը, կարևորն այն է, որ հետ չնայեն ու գնան խաղաղության:
«Ես շատ զարմացա, երբ կարդացի պարոն Գորգիսյանի հայտարարությունը, քանի որ լինելով պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն՝ չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինչ-որ բան ինձ վերագրող լրատվամիջոցի հղումը: Այն, ինչը ինձ վերագրվում է, ես չեմ ասել: Ես ասել եմ, որ հայ գերիները պետք է անհապաղ վերադառնան, և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել: Եվ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, պետք չէ քննարկվի այդ սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Ըստ նրա, սեմինարի ընթացքում թուրք մասնակիցն ասել է, որ վերջապես վերականգնվել է պատմական ճշմարտությունը, ինքն էլ ասել է, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող:
«Նկատի ունեի, որ 30 տարի Ադրբեջանը փորձում է հնարել պատմություններ և հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը, իսկ մեր պատմությունը հակառակն է ապացուցում: Ինձ վերագրվել են խոսքեր, որոնք անհնար է, որ ես ասած լինեի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանի այս հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը գրառում էր կատարել և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին կոչ արել քննարկել Ա. Բեղլոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում