«Չեմ զարմանա, որ վաղն էլ ասեն, թե մենք 30 տարի պետություն չենք ունեցել, Նիկոլ Փաշինյանը եկավ և պետություն ստեղծեց». Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ընդդիմության երեկվա ակցիային, ասաց, որ ընդդիմությունը դեռևս չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը:
«Խնդրի լուծմանը կհասնենք այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, և իր հետ միասին կհեռանա նաև այն խունտան, որն այսօր իշխում է Հայաստանում, իրեն ներկայացնում է՝ որպես ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժ, մի ուժ, որի ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, որ իր համար կարևոր չէ, թե Արցախն ում պատմական հողն է, և ով է պատերազմն առաջինը սկսել: Մեր ժողովուրդն այսքան խնդիրների, այսքան մեղավորությունների, այս աղետալի պատերազմի հետ միասին՝ այսուհետ նաև քաղաքական տեսանկյունից ո՞նց է հանդուրժում մի իշխանության, մի խորհրդարան, որը նման կարծիք է հայտնում: Տվյալ պատգամավորը մանդատը պետք է վաղուց վայր դրած լիներ»,- ասաց Բաբայանը:
Անդրադառնալով նույն պատգամավորի՝ Անուշ Բեղլոյանի մեկ այլ պնդման, թե «մենք 30 տարի բանակ չենք ունեցել», Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարն ասաց.
«Այս մարդիկ երևի հոգեխանգարում ունեն, որովհետև եթե մենք 30 տարի բանակ չենք ունեցել, ապա շատ հետաքրքիր է, թե ո՞վ ազատագրեց Արցախը, ո՞վ կարողացավ պաշտանել հայկական ինքնությունն ու անվտանգությունը, և մինչև Նիկոլ Փաշինյանի այս աղետալի իրադարձությունները, երբ ինքը եկավ իշխանության, ո՞ր համակարգն էր պաշտպանում Արցախն ու Հայաստանը»:
Վահան Բաբայանն անդրադառնալով գործող իշխանության մինչև պատերազմն արած այն պնդումներին, թե ձեռք է բերվել գերժամանակակից զինտեխնիկա, նոր պատերազմի ընթացքում գրավելու ենք նոր տարածքներ՝ ասաց, որ այդ հայտարարությունները որևէ հիմք չունեին:
«Իրենց հայտարարությունները շոուներ են, ոչ մի բան երբեք չի եղել տակը դրված, ուղղակի ցավում եմ, որ մեր հասարակության մի մասը դեռևս այդ շոուների համար արված տափակ և դատարկ հայտարարություններին ականջալուր է լինում: Դրանք ուղղակի անլուրջ բաներ են, ես չեմ զարմանա, որ վաղն էլ ասեն, թե մենք 30 տարի պետություն էլ չենք ունեցել, Նիկոլ Փաշինյանը եկավ և պետություն ստեղծեց: Ընդհանրապես առաջին օրերից էր դա նկատելի, իրենք ուզում էին ջնջել ամեն ինչ, ուզում էին Ֆրանսիական հեղափոխության օրինակով ամեն ինչ անեին, որ նոր ժամանակ սկսեն, կարող էին նույնիսկ օրացույցը փոխել: Այս մարդիկ ոչ միայն ուղղակի դիլետանտներ էին, ովքեր չէին հասկանում՝ ինչ էին անում, այլև նպատակաուղղված կործանման են տարել մեր երկիրը, այսօր էլ շարունակում են դա անել»,- ասաց Բաբայանը:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությանը հաջողվի պառակտել ընդդիմությանը, Վահան Բաբայանը պատասխանեց, որ ընդդիմությունը պառակտվելու պատճառ չունի, քանի որ իրենք բոլորն էլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ես չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանի դեմ են, ինչ-որ հարցով կպառակտվեն: Կարող է՝ տեխնիկական կամ տակտիկական հարցերով պառակտվեն, բայց այն բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերը, որոնք դեմ են Փաշինյանին, նրանք պառակտվելու ի՞նչ խնդիր ունեն, եթե անգամ առանձին-առանձին գործեն Փաշինյանի դեմ»,- ասաց Բաբայանը:
Նրա պնդմամբ՝ շատերը սպասում էին, թե կարճ ժամանակում կլուծվեն խնդիրները, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ինչը չեղավ, ուստի պետք է գնալ մարդկանց հետ խոսելու, փաստեր ներկայացնելու ճանապարհով: Վահան Բաբայանը բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների գնալու տարբերակը:
«Բոլորիս համար պարզ է, որ ընտություն կազմակերպող իշխանությունը չի կարող պարտվել: Նախկին Խորհրդային Միության երկրների փորձը ցույց է տալիս, որ գրեթե չի եղել նման տարբերակ, երբ որ իշխանությունը կազմակերպում է ընտրություններ, և հաղթում է ընդդիմությունը: Խնդիրը պետք է լուծվի մինչև ընտրությունները, սա է գլխավոր սկզբունքը, և սա փողոցում լուծվելիք խնդիր է»,- ասաց Բաբայանը:
Քաղաքական գործչի վստահեցմամբ՝ իրենց առջև խորհրդարանում հայտնվելու խնդիր դրված չէ:
«Պետությունը դա ուղղակի շոու, կամ ֆեյսբուք, կամ կուսակցական ելույթներ չեն, պետությունը պատասխանատվություն է»,- ասաց նա:
Վահան Բաբայանն անդրադառնալով ԱԺ-ին՝ նկատեց, որ իշխանության կողմից խորհրդարան բերվող բոլոր օրենքների նախագծերն ընդունվում են, բացառություն չեն կազմելու նաև ներկայումս քննարկվողները:
«Իրենք՝ մանդատավոր 88-ով, հիմա ավելի քիչ, քվեարկության են դնում և իրենց ուզած օրենքներն անցկացնում են: Ես չեմ զարմանա, որ վաղը թագավորության ստեղծման մասին օրենք ստորագրեն, կամ դնեն քվեարկության, հաստատեն, ասեն՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ միապետ է, թագավոր է, իշխանությունը պետք է ժառանգաբար փոխանցվի»:
Վահան Բաբայանի կարծիքով՝ գերիների հարցն էլ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի իր PR-ի համար:
«Իմանալով իր բնավորությունն և սրիկայական մոլուցքները, ես չեմ բացառում, որ գերիների հարցը փորձի լուծել, եթե գնա արտահերթ ընտրությունների, հենց այդ ֆորմատի ներքո, որ իր էժանագին PR-ն ապահովի՝ այդ դժբախտ իրավիճակի հետ կապված: Թող ոչ ոք չասի, որ անհնար բան եմ ասում: Պատկերացրեք, որ այդ հարցը լուծում ստանա ընտրություններից առաջ՝ անձամբ իր միջնորդությամբ, կամ նմանատիպ ինչ-որ բան տեղի ունենա, պատկերացրեք, թե դա ինչ մեծ դեր կունենա իր PR-ի համար: Իրենից ես դա սպասում եմ, նա ամեն ինչի ընդունակ է»,- ասաց նա:
Վահան Բաբայանը նաև պնդեց, որ այսօր Կառավարության նիստի ընթացքում հնչած հայտարարությունը, թե տնտեսական լավ ազդակներ կան, իրականությանը չեն համապատասխանում:
«Ի՞նչ տնտեսական ազդակ, մարդիկ փախնում են Հայաստանից, հիմա էլ վեշերը կապում են՝ փախնեն, ոչ մեկը հույս չի կապում այս երկրի հետ»,- ասաց Բաբայանը: