Բաժիններ՝

«Կայթ» խմբի մենահամերգով մեկնարկեց «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» փառատոնը

Հայաստանում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը անցկացվում է «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Այն մեկնարկեց փետրվարի 2-ին «Կայթ» խմբի մենահամերգով։

Լրագրողների հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանն ասաց, որ նման փառատոնները երիտասարդներին հնարավորություն են տալիս նորովի ընկալել բազմաժանր երաժշտությունն ու գուցե հասկանալ, թե որ ժանրն է իրենց առավել հոգեհարազատ: «Պատերազմից հետո մեր խումբն առաջին անգամ է ելույթ ունենում: Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ դժվար չէ, քանի որ ծարավ էինք ելույթների: Այն երաժիշտները, որոնց ճանաչում եմ, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո գործունեություն են ծավալում, որովհետև կարծում են, որ երաժշտությունը կարևոր դերակատարություն ունի մարդկանց կյանքում և կարող է ինչ-որ բան փոխել»,- ընդգծեց նա:

Կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Խաչատրյան նշեց, որ փառատոնի նպատակն է ակտիվացնել երաժշտական կյանքը հատկապես պատերազմից հետո: «Մարդկանց հոգիները մշակույթով լցնելու, տրամադրությունները բարձրացնելու, երաժշտասերներին սփոփելու խիստ անհրաժեշտություն կա: Փառատոնի շրջանակում ամեն օր ժամը 17:00-ին ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում տեղի կունեն համերգներ: «Կայթ» խմբից բացի, հանդես կգան Dave Geodakyan Sextet-ը, Silent Duo-ն, Արմեն Մանուկյանը, Personal Opinion-ը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա»-ն, Arm Strong Dixie-ն»,- տեղեկացրեց Խաչատրյանը:

Փառատոնի մասնակիցները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ այն է մշակույթով և հատկապես երաժշտությամբ խաղաղեցնել ունկնդրի հոգեկան աշխարհը, հայացքը ամրապնդել դարձյալ վեր բարձրացնելու ու ապագայի հանդեպ հավատով լցվելու գիտակցությունը, քաջալերել հայ երաժիշտներին, ինչպես նաև ակտիվացնել մայրաքաղաքի երաժշտական կյանքը:

Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Փառատոնի գործընկերներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս