
Որոնք են Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժություններ: Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաեւ զորքերի մարտունակությունն է բարձրացվում:
Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները:
Եթե այն նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ:
Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է:
Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արեւմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան»: